Բարոմետրերի, ջերմաչափերի արտահանումն ու ներմուծումը 6 ամսով կարգելվի

1 Min Read
Բարոմետրերի, մանոմետրերի, ջերմաչափերի և սնդիկի հավելիչով այլ արտադրանքի արտահանումը ՀՀ-ից ու ներմուծումը Հայաստան ևս 6 ամսով կարգելվի։
ՀՀ-ից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ 2023 թ. օգոստոսի 11-ի հաստատված ցանկի` սնդիկի հավելիչով արտադրանքի մեջ մտնում են բարոմետրերը, մանոմետրերը (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), ջերմաչափերը, հիգրոմետրերը, սֆիգմոմանոմետրերը (արյան ճնշաչափ) և այլն։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թ. փետրվարի 13-ից` 6 ամիս ժամկետով։
«Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Սնդիկի հավելիչով արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։
Այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման փաստաթղթերով։
Share This Article