Ադրբեջանը՝ ֆրանսիական հնարավոր պատժամիջոցների թիրախում. Եվրոպան՝ Ադրբեջանի արտահանման հիմնական ուղղություն

2 Min Read

Օրեր շարունակ շրջանառվում էր այն տեղեկատվությունը, ըստ որի՝  Ֆրանսիան պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Ահա արդեն ականատես ենք լինում այն իրողությանը, որ Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը։

Բանաձևով առաջարկվում է սահմանափակումներ դնել ադրբեջանական նավթի և գազի վրա, ինչպես նաև դիտարկել հնարավորություններ Ադրբեջանի ղեկավար գործիչների ունեցվածքն առգրավելու մասով։ Բանաձևով նաև պահանջ է ներկայացվում ապահովել ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքը և ազատել ՀՀ օկուպացված տարածքները։

Անշուշտ, այս բանաձևը կարևոր փաստաթուղթ է, սակայն դրա անմիջական օգուտները Հայաստանի համար դժվար տեսանելի են, քանի որ վերջին մի քանի տարիների քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է ոչ բարեկամ երկրների ցանցում։

Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կանգնել են մի գծի վրա և աշխատում են Հայաստանի դեմ։ Դրա մասին է վկայում նաև ռուսական լրատվական դաշտի հիստերիան կապված ֆրանսիական բանաձևի հետ։ Այնպիսի տպավորություն է, որ այս օրինագիծը ամենաշատը հուզել է Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին և Ադրբեջանին։


«Խաղաղության խաչմերուկի» տնտեսական օգուտի հաշվարկը մինչ այժմ չկա․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


 Ֆրանսիան ոչ միայն Եվրամիության, այլև աշխարհի ազդեցիկ երկրներից մեկն է և ցանկացած պարագայում այս երկրի հետ հարաբերությունների վատթարացումն Ադրբեջանի համար կարող է մի շարք գլխացավանքներ ստեղծել։

Առաջին հերթին դա վերաբերում է Ադրբեջանի արտահանմանը։ 2022թ-ին Ադրբեջանի արտահանման ծավալները 2021թ-ի համեմատ աճել են մոտ 2 անգամ՝ կազմելով մոտ $47 մլրդ։ Ադրբեջանի արտահանման շուրջ 73%-ը պատկանում է Եվրոպային և միայն 25%-ը՝ Ասիային․

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, ադրբեջանական ապրանքների ամենամեծ պահանջատերը Իտալիան է,դեպի ուր արտահանվել է մոտ $18 մլրդ -ի ադրբեջանական արտադրության ապրանք։

Երկրորդ և երրորդ տեղում են հայտնվել Հունաստանը և Իսպանիան՝ համապատասխանաբար արտահանման $1,4 մլրդ և $1․01 մլրդ ծավալներով։

2022թ-ին Ֆրանսիա է արտահանվել ընդամենը $51 մլն-ի  ադրբեջանական արտադրանք։ Ընդ որում՝ 2022թ-ին Ադրբեջանի արտահանման մոտ 93%-ը կազմել են վառելիքաէներգետիկ ռեսուրսները և հարակից ապրանքները։

  • Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ, եթե Ֆրանսիան կարողանա Եվրոպայում ստեղծել հակաադրբեջանական տրամադրություններ, ապա համատեղ պատժամիջոցներն էապես կկապեն Ադրբեջանի բռնապետի ձեռքերը։ Միայն թե,  չնչին է հավանականությունը, որ մի փոքրիկ Հայաստանի համար Եվրոպան կգնա առճակատման Ադրբեջանի հովանավոր ՆԱՏՕ-ի առաջատար անդամ Թուրքիայի դեմ:
TAGGED:
Share This Article