Պարտադիր զինծառայությունից խուսափածները կարող են ծառայել 1 ամիս՝ պետբյուջե վճարելով ոչ թե 10, այլ 8 մլն դրամ. նախագիծ

16 Հունվարի, 2024
1 Min Read
Պարտադիր զինծառայությունից խուսափածները կարող են ծառայել 1 ամիս՝ պետբյուջե վճարելով ոչ թե 10, այլ 8 մլն դրամ. նախագիծ

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության:

Սակայն մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար:

Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:

Հայկ Սարգսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացվել են տասնյակ առաջարկներ, այդ թվում` տեխնիկական բնույթի: Զեկուցողը նշել է, որ Կառավարությունը դրանցից հավանության է արժանացրել նաև իր առաջարկը, ըստ որի՝ 27 տարի լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 8 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ փոփոխությունը կնպաստի օրենքից օգտվել ցանկացող հավանական շահառուների թվի ավելացմանը:

Հայկ Սարգսյանը նաև նշել է, որ առաջարկներից ընդունվել է նաև մի դրույթ, որին անձամբ հակված չէ, այն է՝ օրենքից կարող են օգտվել նաև 27 տարին լրացածները:

Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը՝ հունվարի 16-ին մեկնարկող նիստին:

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն