Կառավարության հավանությանն է արժանացել ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Մասնավորապես, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ գործող կարգավորումներով ամրագրված են գործունեության այն տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում։
Սույն նախագծով նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև միջազգային փորձը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության և ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի՝ պետք է ներառվեն նաև այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպում, կացության և հանրային սննդի կազմակերպում և այլն, ինչը միտված է զբոսաշրջային կլաստերի ձևավորմանը և զարգացմանը։
Կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից, արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ:
Կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Հավանություն է տրվել նաև ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը երկարաձգելու անհրաժեշտությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում