Երևանցու դե՞մ, թե երևանցու համար

2 Min Read

 2024-ը մեկնարկեց երևանցիների համար մի փոքր տհաճ անակնկալով: Հունվարի 1-ից, ըստ սահմանված կարգի, մեքենաների կայանման համար պետք է վճարել  շոշափելի գումարներ։

Երևանի կենտրոնում կայանելու համար տարեկան պետք է վճարել ֏160․000, իսկ Արաբկիրում՝ ֏24,000։ Եվ այս ամենը ներկայացվում է այնպես, կարծես ամեն ինչ արվում է Երևանցու համար։


Հայ ժողովրդին մատուցված ամանորյա անակնկալը կամ սպասված և չհեռարձակված Հայրապետական ուղերձը


Նոր օրենքով փորձ է արվում լուծել խցանումների խնդիրը, բնապահպանական հարցեր և այլն։ Սակայն հարցը կարելի է նաև այլ կողմերից դիտարկել։ Օրինակ, անհրաժեշտության դեպքում արդեն շատ դժվար կլինի կենտրոնում ցույցեր կազմակերպելը։

ՀՀ իշխանությունները խոսում են այն մասին, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», սակայն գնալով էլ ավելի հաճախ են կիրառվում հարկերն ու տուրքերը որպես գործիք։ Եվ վերջապես, Երևանի իշխանությունների այս քայլը էապես կնվազեցնի Երևանի Կենտրոն համայնքի տնտեսական ակտիվությունը։

Բացի այդ՝ այս քայլով բարդանում է սոցիալական դրությունն այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Կենտրոն վարչական շրջանում։ Միգուցե կարելի էր Կենտորում աշխատողների համար սահմանել ավելի քիչ գումար, հատկապես այն դեպքում, եթե հաշվի ենք առնում նաև, որ մեր հասարակական տրանսպորտային համակարգը նախանձելիներից չէ:


Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ


֏200,000 իրական աշխատավարձ ստացող քաղաքացին  Կենտրոնում կայանելու համար պետք է վճարի զգալի գումար իր աշխատավարձից։ Իսկ տարեկան կտրվածքով վճարում չկատարելու դեպքում օրավճարով կամ ամսավճարով էլ ավելի թանկ է ստացվում։

Անդրադառնալով Երևանի բյուջեին՝ պետք է փաստել, որ, Երևանի քաղաքապետարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, 2023թ-ի առաջին 9 ամիսներին Երևանի բյուջեի եկամուտների փաստացի  ծավալները կազմել են մոտ ֏71 մլրդ։ Վերջինս ձևավորվել է հետևյալ կերպ․

Երևանի եկամուտների 20%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների, 25%-ը՝ հարկերի և տուրքերի և 55%-ը՝ այլ եկամուտների հաշվին։

Այլ եկամուտների մեջ 17% մասնաբաժին ունեն վարչական գանձումները, որոնցում էլ 16% մասնաբաժին ունեն ավտոկայանատեղիի տուրքերը, որոնք 2023թ-ի առաջին 9 ամիսներին կազմել են մոտ ֏1 մլրդ։

Share This Article