Ֆիոլետովոյում մանկապարտեզ կկառուցվի. համայնքին հողակտոր է նվիրաբերվել

2 Min Read

Նախորդ տարվա ամռանը ծագել էր Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու հարցը: Խնդիրներից մեկը հողամասի հատկացման հետ էր կապված:

Այժմ դպրոցի սպասարկման համար հատկացված հողամասից առանձնացվել է հողակտոր, ձևավորվել է որպես առանձին գույք և կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարան հաշվեկշռում գտնվող այդ հողակտորը նվիրաբերվել է համայնքին մանկապարտեզ կառուցելու նպատակով: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրել է, որ մանկապարտեզ կառուցելու համար անհրաժեշտ էր 1000 քառակուսի մետր հողակտոր, մինչդեռ Կառավարության որոշմամբ առանձնացվել է 1300 քառակուսի մետր, որպեսզի և՛ մանկապարտեզ կառուցվի, և՛ վերջինս սպասարկման անհրաժեշտ հատված ունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշումը, ապա հիշեցրեց, որ Ֆիոլետովոն այն համայնքն է, որտեղ ազգային փոքրամասնություն է ապրում, ապա նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ կապված մտավախություն հայտեց, թե Կառավարության քաղաքականությունը կարող է դիտարկվել խտրական:

Ըստ վարչապետի՝ խոշորացված համայնքների կազմում չընդգրկվեցին ազգային փոքրամասնություններով համայնքները՝ «անսալով նրանց ձայնը», սակայն այժմ խոշորացված համայնքները զարգանում են, իսկ ազգային փոքրամասնություններով համայնքներն էականորեն իրենց զարգացման տեմպերով զիջում են, և հետագայում ավելի է այդ խնդիրն ահագնանալու:

«Մենք նախորդ այցերի արդյունքներով որոշում կայացրինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք, այսինքն՝ այն դեպքերում, երբ ծրագիրը ֆինանսավորվում է Կառավարության կողմից 50 տոկոսով, ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում կհամաֆինանսավորվի որոշակի գործակցով ավելի: Բայց մեծ հաշվով ես վստահ չեմ, որ մեր խնդիրը լուծվելու է: Պետք է մտածենք ինչ անել, գուցե ինչ-որ այլ փոփոխություններ անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բաց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»,- ասել է Փաշինյանը:

Share This Article