Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունաբերության ոլորտում վերջին շրջանում նկատվող բացասական միտումները կապում է արտահանողների համար դրամի արժևորմամբ պայմանավորված պայմանների վատացման հետ:
Քերոբյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Այն զսպողական քաղաքականությունը, որը վարվում էր և վարվում է Կենտրոնական բանկի կողմից, որպեսզի ինֆլյացիայի դեմ պայքարն արդյունավետ լինի, հանգեցրել է մեր արտահանողների համար պայմանների վատացմանը՝ դրամի արժևորման հետևանքով: Եվ դա հանգեցրել է արդյունաբերության ճյուղերի չաճելուն: Տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի»,-ասել է Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ մյուս գործոնն այն է, որ տեխնոլոգիական վերափոխման՝ արդիականացման ընթացքում որոշակի ժամանակ է հարկավոր, որ ընկերություններն իրենց նոր սարքավորումների, նոր հոսքագծերի արդյունքը տեսնեն: Նա տեղեկացրեց, որ արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման համար գործող լիզինգի ծրագրերով մոտավորապես 250 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում:
Ըստ նախարարի՝ այդ ծավալն, անշուշտ, իր արդյունքը կտա:
Քերոբյանը կարծում է, որ արդեն հաջորդ տարի արդյունաբերության ոլորտում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:
2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել էր 0.5 տոկոսով: Իսկ հունվար-սեպտեմբերին անկումը 0.6 տոկոս էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում