Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները:
Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի:
Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024 թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները:
Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի:
Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն:
Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։
Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Ներկայացվել է ԲՏԱ էկոհամակարգի կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը՝ ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի արդյունքները։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։ 2023 թ. ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել 9 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 5 մլն դրամ, իսկ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով՝ 17 կազմակերպություն, յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 10 մլն դրամ:
Մեկ այլ՝ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն աջակցում է սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական հայրենադարձությանը՝ պայմաններ ստեղծելով նրանց գիտական և մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման նպատակով նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են արտերկրում կայացած 4 և ՀՀ-ում կազմակերպված 2 միջազգային ցուցահանդեսների:
Ըստ «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցի տվյալների՝ Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը:
Անդրադառնալով ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ներկայացվել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որով հարկային արտոնություն է տրամադրվում սկսնակ կազմակերպություններին: 2023թ. միայն արտոնության հավաստագիր է ստացել 1633 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ՝ օրենքի գործունեության ընթացքում արտոնությունից օգտվել են 4133 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր։
Անդրադարձ է կատարվել նաև նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագրին, որում ընդգրկվել են տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք սկսած 2022թ. մարտի 1-ից ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող։ Ծրագրի շահառու 47 կազմակերպությունների վճարվել է շուրջ 7.8 մլրդ դրամի չափով պետական աջակցություն։
Դրամի արժևորման հետևանքով տեխնոլոգիական ընկերությունների կրած վնասների փոխհատուցման համար էլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մեկանգամյա նպատակային պետական աջակցության շահառու ճանաչված 330 տնտեսավարող սուբյեկտի տրամադրվել է 7.4 մլրդ դրամի աջակցություն:
Թվայնացման ոլորտում կատարված աշխատանքների հետ կապված նշվել է, որ տեղի է ունեցել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալացում և դերային բաշխումներ՝ հստակեցնելով ՀՀ ԲՏԱ նախարարության դերը՝ որպես քաղաքականություն մշակող, Հայաստանի տեղեկատվական համակարգերի խորհրդի դերը՝ որպես համակարգող և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության դերը որպես աջակցություն իրականացնող մարմին: Արդեն իսկ մշակված են թվային ծառայությունների ստանդարտները, իրականացվում են ներդրման աշխատանքներ:
Նախարարության փորձագիտական խումբը ստեղծել է «Ծառայությունների թվայնացման ստանդարտներ» և «Թվայնացման ուղեցույց» հարթակները, մշակվել է «Ես եմ» ազգային նույնականացման միասնական հարթակի նախատիպը, ստորագրվել է հուշագիր Էլեկտրոնային ստորագրության համակարգերի վերաբերյալ: 2024թ. նախատեսվում է իրականացնել «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը, որը միտված է միասնական թվային միջավայրի ձևավորմանը և «Արհեստական բանականության կենտրոնի արդիականացում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ենթակառուցվածքի ստեղծում և գերհամակարգչի ձեռքբերում: Նախատեսվում է ստեղծել նաև արհեստական բանականության կենտրոն:
Տեղեկացվել է, որ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2023 թ․ ծրագրի առաջին փուլի դասընթացների արդյունքում մասնակիցներից 25-ի հետ արդեն կնքվել է աշխատանքային պայմանագիր, 31-ն առաջընթաց է գրանցել աշխատանքում։
Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դասընթացներ ևս 850 մասնակցի համար, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենան գտնել աշխատանք ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։
Վերապատրաստման դասընթացներն իրականացնող ընկերությունները պարտավորվում են դասընթացների մասնակիցներին ապահովել աշխատանքային պայմանագրերով, որոնց ժամկետը առնվազն 6 ամիս է: 2020-2022թթ. ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 8912 մասնագետ:
«Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման շինարարությունը մեկնարկել է 2023թ. հուլիսի 10-ին: Ներկայում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ են ստացել 14 կազմակերպություններ։ Ռեզիդենտի կարգավիճակ ստացած ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար։ Նրանց հասանելի կլինեն նաև համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներն ու արտադրական մեքենաները։
Ինժեներական քաղաքում հատկացվել է հողատարածք Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի (ՀԱԳԿԿ) շենքը կառուցելու համար. աշխատանքները մեկնարկել են:
Հաջորդիվ ներկայացվել է «ՀայՓոստ» ՓԲԸ գործունեությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Համաշխարհային Փոստային Միության 2023թ. Փոստային զարգացվածության ցուցանիշով Հայաստանը 48-րդից բարձրացել է 40-րդ հորիզոնական։
Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար: Հայաստանի 16 բնակավայրերում գործարկվել է ծանրոցների «Տուն առաքում» ծառայությունը: Կրճատվել են առաքման ժամկետները: Արդիականացվել Է HayPost+ բջջային հավելվածը: Արդիականացվել է 8 փոստային բաժանմունք: Նշվել է, որ «ՀայՓոստ»-ն այս տարի գործունեության արդյունքում արձանագրել է 873 մլն դրամի շահույթ: Նախորդ տարի ընկերությունն ունեցել էր 730 մլն դրամի վնաս:
Զեկուցվել են նաև հեռուստաընկերությունների՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած պարտքի մարման գործընթացների մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առանցքային և աճող ճյուղ է: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է ՏՏ բնագավառի շարունակական զարգացման ու աճի ապահովմանն ուղղված քայլերի և ծրագրերի իրականացումը: Վարչապետը նախարարության աշխատակազմի ուշադրությունն է հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա:
Մասնավորապես, Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ինժեներական քաղաքում գերհամակարգիչը տեղադրելու, թվայնացման, հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման գործընթացին և այլ ծրագրերի, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Վարչապետն առանձնակի շեշտել է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի ծրագրերի իրականացման ընդլայնման ու առկա լավ գաղափարները կյանքի կոչելու միջոցառումներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում և այդ ուղղությամբ տանել անհրաժեշտ աշխատանք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում