«Ամարյան բարեգործական հիմնադրամը» նախնական 122 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Սյունիքի մարզին

28 Նոյեմբերի, 2023
3 Min Read
«Ամարյան բարեգործական հիմնադրամը» նախնական 122 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Սյունիքի մարզին

Հայազգի գործարար, ներդրող, «Բալչուգ Կապիտալի» հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանն իր եղբոր՝ գործարար,  հայկական «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի հետ Հայաստանում ստեղծել են «Ամարյան բարեգործական հիմնադրամը»։

Դավիթ և Վարդան Ամարյանները երկար տարիներ  գործունեություն են ծավալում միջազգային բիզնես-ասպարեզում, և հայրենիքի համար այս դժվարին փուլում իրենց հայրենակիցներին, Արցախից բռնի տեղահանվածներին հասցեական աջակցություն ցուցաբերելու նպատակով մեկնարկել  են այս նախաձեռնությունը։

Հիմնադրամի հիմնական ուղղություններն են կրթական ծրագրերի, առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման խթանումը, մշակույթը, տարբեր ռազմավարական նախագծերի միջոցով երիտասարդներին օժանդակությունը։

«Ամարյան բարեգործական հիմնադրամի» գործունեության մեկնարկը տրվել է Սյունիքի մարզից, մասնավորապես՝ Վերիշենից, Ամարյանների հայրական գյուղից։

«Ինձ համար մեծ ողբերգություն է, որ մենք այսօր համահայկական այս աղետի ու աննախադեպ հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք։ Դրա արդյունքում առաջացած խնդիրներն ավելի բազմոլորտ են և ճյուղավորված, ուստի անհրաժեշտություն է  կարիքի պարբերական գնահատման վրա հիմնված հստակ ռազմավարությամբ, ինստիտուցիոնալ ու համակարգված, պետական, միջազգային ու հասարակական կառույցների հետ համագործակցությամբ, երկարաժամկետ և թիրախային ծրագրեր իրականացնելը. ու այդ ծրագրերը պետք է լինեն շարունակական։ Հիմնադրամի շնորհիվ Հայաստանում մենք կօգնենք ընդլայնել որակյալ կրթության հնարավորությունները`  կարևորելով կրթության անգնահատելի դերը մեր երկրի ապագայի համար», — նշել է «Ամարյան բարեգործական հիմնադրամի» համահիմնադիր Դավիթ Ամարյանը և հավելել.

«Չնայած նրան, որ տարբեր երկրներում ենք գործել և բիզնես հաջողությունների հասել, այդուհանդերձ, մեր գործունեության առանցքը, մեր արմատներն ու պատմությունը Հայաստանում են։ Մեր գործունեությունը, բազմաթիվ նախագծեր մշտապես ուղղված են եղել մեր երկրի հզորացմանը և տնտեսության զարգացմանը:
Այսօր առավել, քան երբևէ, օրհասական է աշխարհի հայերի համախմբածությունն ու միասնականությունը»:

«Էփրիքոթ Կապիտալի» հիմնադիր և «Ամարյան բարեգործական հիմնադրամի» համահիմնադիր Վարդան Ամարյանը հավելել է․

«Արցախում տեղի ունեցածը մեծ փորձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հայերի համար: Մենք մեր առջև հստակ առաջադրանք ունենք․ յուրաքանչյուր հայ պետք է արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն ունենա։ Մեր հիմնադրամի նախաձեռնությունները հետևողականորեն ստեղծելու են նախադրյալներ այդ հնարավորությունը իրագործելու համար։ Գաղափարները շատ են և մենք դրանք իրագործելիս հիմք ենք ընդունելու մեր շահառուների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները:»

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում ապաստանել են Արցախից բռնի տեղահանված 89 հայրենակից, որոնք գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների (մոտ 157 հոգի) հետ միասին դարձել են «Ամարյան հիմնադրամի» առաջին շահառուները: Հիմնադրամն ընտանիքներին ապահովել է տաք հագուստով՝ բաճկոններով, կոշիկներով: Արցախից տեղահանված երեխաներն ապահովվել են նաև դպրոցական փաթեթներով՝ գրենական պիտույքներ, պայուսակներ և այլն:

Ամարյան եղբայրները Վերիշենի 345 աշակերտ ունեցող դպրոցին, որը 2022-ին ճանաչվել է Սյունիքի լավագույն դպրոց, նույնպես աջակցություն են տրամադրել` մարզադահլիճի վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև սպորտային գույք՝ բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի ցանցեր ու գնդակներ  (յուրաքանչյուրից 30-ական), թենիսի ռակետներ և գնդակներ  (10 հավաքածու) և այլ պարագաներ։

«Ամարյան բարեգործական հիմնադրամի» 2023-2024թթ.-ին Սյունիքում իրականացվող նախագծերի ընդհանուր նախնական բյուջեն կկազմի շուրջ 122 մլն դրամ, իսկ հիմնադրամի ծրագրերը լինելու են շարունակական և ընդգրկելու են նաև Հայաստանի այլ մարզեր ու բնակավայրեր։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն