44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Հայաստանը պետք է ինքնուրույն միջոցներ ձեռնարկի թշնամիներից պաշտպանվելու համար։ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային համակարգերը, որոնք ձևավորվել են վերջին տասնյակ տարիների ընթացքում, սկսել են ինչ-ինչ պատճառներով չգործել կամ գործել մասնակիորեն։ Այս անգործության արդյունքում, որի պատճառները այդպես էլ հասկանալի չեղան հայ հասարակության համար, թշնամին դեռևս շարունակում է օկուպացնել Հայաստանի սուվերեն տարածքները, իսկ արցախահայության նկատմամբ կիրառվեց դասական էթնիկ զտում։
Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները սկսել են փնտրել զինվելու տարբեր ուղղություններ, որոնց մեջ առանձնակի դերակատարում ունեն Ֆրանսիան և Հնդկաստանը։ Այս ֆոնին, միևնույն ժամանակ, տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Բացառված չէ, որ հարաբերությունները փոխվեն նաև Իրանի հետ։ Գաղտնիք չէ, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը ուժեղ հակասություններ ունեն հավաքական Արևմուտքի հետ և դեմ են տարածաշրջանում, օրինակ, Ֆրանսիայի ներկայությանը։ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը իրենց են վերապահել տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրերը տնօրինելու իրավունքը, որի հետ չեն կարողանում համաձայնել Վրաստանը և Հայաստանը։
Որոնք են ռազմական հանցագործություններին «սատարող» ամենախոշոր ընկերություններն աշխարհում
Այս բազմակողմանի ռազմական կապերի համատեքստում հետաքրքիր է Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը, որը կարծես թե շարունակում է խորանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով.
Նոր Դելիում թողարկվող The Eurasian Times-ի տվյալներով՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է Zen հակադրոնային համակարգեր։ Վերջինս ունակ է հայտնաբերելու, դասակարգելու և հետևելու անօդաչու թռչող սարքերին, իրականացնելու պասիվ հսկողություն և չեզոքացնելու օդային սպառնալիքները՝ ԱԹՍ-ների հետ կապը ճնշելու միջոցով:
Այս համակարգի համար հայկական կողմը վճարել է 45,1 մլն ԱՄՆ դոլար։ Գործարքը ենթադրում է ոչ միայն հակադրոնային համակարգի մատակարարումը, այլ նաև դրա օգտագործման համար զինվորականների վերապատրաստումը։ Հայաստանը նաև պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ 90 միավոր 155 մմ-ոց հրետանային կայանքների մատակարարման մասով։ Այս գործարքի արժեքը կազմել է 155,5 մլն ԱՄՆ դոլար և մատակարարումը իրականացվելու է երեք տարվա ընթացքում։
Հայաստանի կողմից Pinaka ՀԿՌՀ-ների/Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ/ գնումից բացի քննարկվել է նաեւ Երեւանին հարվածային անօդաչու թռչող սարքերի եւ Akash զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) մատակարարումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում