Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. Ֆինանսների նախարար

1 Min Read

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս:

Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են:

«Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,-հարցրել է պատգամավորը:

Ֆինանսների նախարարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս:

«Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված  է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»,- նշել է նա:

Հովհաննիսյանը հավելել է, որ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար ևս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:

Կիսվեք այս հոդվածով