Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ավելի քան 40 ժամ եղել են ճանապարհին, և այդ ընթացքում գրանցվել են մահվան դեպքեր, հիմնականում ինսուլտից։ Կոռնիձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բռնի տեղահանումն ունի ցավագին հետևանքներ, քանի որ մարդիկ հյուծված են, թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և իրենց հետ չունենալով նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաներ ու դեղեր՝ ճանապարհ են ընկել, հետևաբար նման պայմաններում դժբախտ ելքերն անխուսափելի են։
«Բռնի տեղահանվածներից ոմանք գտնվում են ծանր առողջական վիճակում։ Նրանք 10 ամիս գտնվելով շրջափակման մեջ՝ չեն ունեցել քրոնիկ հիվանդությունների դեմ համապատասխան դեղամիջոցներ ընդունելու հնարավորություն, հետևաբար չափազանց կարևոր է նման խոցելի խմբերին մատուցել առաջնային բուժօգնություն։ Հետազոտություններից հետո մարդիկ անհրաժեշտության դեպքում Գորիսից կտեղափոխվեն Երևանի հիվանդանոցներ»,- ասել է առողջապահության նախարարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում