ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն աճել է 7.5%-ով

12 Հունվարի, 2024
1 Min Read
ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն աճել է 7.5%-ով

2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7.5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:

Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։

Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 481 հազար ուղևոր (+8.7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երևան-Թբիլիսի ուղևորների նվազմամբ, մինչդեռ Երևան-Բաթումի-Երևան երթուղում ուղևորների թիվը աճել է 58%-ով։

Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային (չարթերային) չվերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:

«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ: Օրինակ, անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրեցինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»,- նշել է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: 

Կիսվեք այս հոդվածով
1 Comment