ABB ընկերությունը $280 մլն է ներդրել Շվեդիայում ռոբոտաշինության նոր գործարան կառուցելու համար: Նպատակը մեկն է՝ բավարարել այն հաճախորդների աճող պահանջարկը, ովքեր արտադրությունը տեղափոխում են Ասիայից՝ մատակարարման շղթայի խափանումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և Պեկինի միջև աճող լարվածությունը նաև ստիպել է որոշ արտադրողների իրենց արտադրությունը հեռացնել Չինաստանից:
ԱՄՆ-ում զգալիորեն նվազել է ռոբոտների պահանջարկը. Reuters
Էլեկտրաֆիկացման և ավտոմատացման տեխնոլոգիաների շվեյցարական ձեռնարկության՝ ABB-ի գործադիր տնօրեն Բյորն Ռոզենգրենն ասել է, որ իր ընկերությունը տեսնում է դիրքերի ամրապնդման միտման նշաններ, թեեւ իր ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ Չինաստանին: Նրա կարծիքով Չինաստանում նույնպես covid-19-ի համաճարակից հետո տնտեսության վերականգնման փուլը սպասվածից դանդաղ է ընթանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում։
Ընկերության ղեկավարի պնդմամբ՝ Չինաստանը՝ ռոբոտների խոշորագույն շուկան աշխարհում, առանցքային կմնա ABB-ի համար: Անցյալ տարի շվեյցարական ընկերությունը Շանհայում բացեց $150 մլն արժողությամբ ռոբոտների գործարան, ինչպես նաև ընդլայնեց իր արտադրությունը ԱՄՆ-ում։ Այս ամենին լրացնելու է գալիս շվեդական Վեստերոս քաղաքում կառուցվելիք նոր գործարանը, որը կշահագործվի 2026թ․-ին։
Նոր գործարանը 50%-ով կավելացնի արտադրական հզորությունները՝ Եվրոպայում ռոբոտների պահանջարկը բավարարելու համար, որը, ինչպես սպասվում է, կաճի տարեկան 7% -ով: Հաճախորդների զգալի մասը ցանկանում է ավելի շատ տեղական մատակարարում հատկապես այն բանից հետո, երբ covid-19-ի համաճարակի ընթացքում բախվել են մատակարարման շղթայի խցանումներին ու խաթարումներին:
Շվեյցարական ABB արդյունաբերական ընկերությունը, որը մրցում է Ճապոնական Fanuc Corp-ի և չինական Kuka-ի հետ, արդեն ռոբոտներ է մատակարարում BMW-ի , Scania-ի և Volkswagen-ի նման ընկերություններին։
«Գլոբալացման միտումը մի փոքր նվազել է, և յուրաքանչյուր ընկերություն նայում է իր մատակարարման շղթային. տեղականը՝ տեղացիների համար»,- այս տեսակետն է հայտնել ABB–ի գլխավոր տնօրեն Բյորն Ռոզենգրենը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում