ԱՄՆ-ում զգալիորեն նվազել է ռոբոտների պահանջարկը. Reuters

2 Min Read

Ամերիկյան ընկերությունները կտրուկ նվազեցրել են ռոբոտների պատվերները 2023թ-ի երկրորդ եռամսյակում: Այս միտումը սկսվել էր անցյալ տարվա վերջում, քանի որ աճող տոկոսադրույքներն ու տնտեսական աճի դանդաղեցումը զսպել են ընկերությունների պահանջարկը ռոբոտների նկատմամբ, գրում է Reuters-ը:

ICON Injection Molding ընկերությունում, որը զբաղվում է պլաստիկ բաղադրիչների արտադրությամբ, պնդում են, որ ներկայումս ռոբոտներ պատվիրելը նպատակահարմար չէ: Ինչպես մյուս արտադրողների պարագայում, այնպես էլ  ICON ընկերության դեպքում, գործերը կորոնավիրուսային համավարակի ժամանակ բավականին լավ էին ընթանում, սակայն ներկայումս ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը կտրուկ ընկել է:


Ռոբոտները զարմացրել են լրագրողներին՝ աշխարհում առաջին «մարդ-ռոբոտ» մամուլի ասուլիսի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Շատ այլ ընկերություններ, կարծես, կիսում են Icon-ի տեսակետները ռոբոտներ պատվիրելու հարցում։ Գործարանները և այլ արդյունաբերական ընկերություններ, ներառյալ էլեկտրոնային առևտրի պահեստներն ու բժշկական փորձարկման ընկերությունները, 2023թ.-ի երկրորդ եռամսյակում պատվիրել են 7,697 միավոր ռոբոտ, ինչը 37% – ով քիչ է մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատ:

Դա հաջորդեց 2023թ.-ի առաջին եռամսյակում 21%-ով անկմանը, և 2022թ.-ի չորրորդ եռամսյակում ՝ 22%-ով անկմանը:

Մասնագետները նշում են, որ որևէ մեկը չի հրաժարվել ավտոմատացումից, սակայն երբ բիզնես միջավայրը մտավախություններ ունի տնտեսությունում նկատվող վտանգավոր երևույթների շուրջ, տեղի է ունենում գործընթացների դանդաղեցում: Ավելին՝ սպասվում է, որ ռոբոտների նկատմամբ պահանջարկի անկումը կպահպանվի նաև 2023թ-ի 4-րդ և 2024թ.-ի առաջին եռամսյակներում:

Վերջին ժամանակներում, նույնիսկ այն պարագայում, երբ ԱՄՆ-ում գործազրկությունը հասել էր վերջին 50 տարվա նվազագույն մակարդակին՝ 3.5%, տնտեսության աճի համար, միևնույն է, պահանջվում էին աշխատանքային ռեսուրսներ և այդ ժամանակահատվածում ռոբոտների նկատմամբ պահանջարկը աճման միտում ուներ:

Միևնույն ժամանակ, չնայած ներկայումս ռոբոտների նկատմամբ նվազող պահանջարկին` տեղի է ունենում ռոբոտների օգտագործման ոլորտների ընդլայնում: Մի բան պարզ է` տնտեսության ավտոմատացումն այլընտրանք չունի և շատ շուտով ռոբոտների նկատմամբ պահանջարկը նորից կսկսի վերականգնվել, եթե տնտեսությունում տեղի չունենան կտրուկ ցնցումներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով