Ռոբոտները զարմացրել են լրագրողներին՝ աշխարհում առաջին «մարդ-ռոբոտ» մամուլի ասուլիսի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Օրերս Ժնևում կայացած ՄԱԿ-ի «AI for good» խորագրով համաժողովին մասնակցել են ինը մարդանման ռոբոտներ: Կազմակերպիչները փորձում էին ապացուցել, որ արհեստական բանականությունը և այն կիրառող ռոբոտները կօգնեն լուծել աշխարհի ամենալուրջ խնդիրները, ինչպիսիք են հիվանդությունները և սովը, հայտնում է Reuters-ը:


Մարդանման ռոբոտների դարաշրջանի բացումը տրված է/


Արհեստական բանականությանը նվիրված առաջին «մարդ-ռոբոտ» ասուլիսին ներկա ռոբոտները կիսվել են իրենց տեսակետներով։ Մասնավորապես, Grace-ը՝ կապույտ բուժքույրական համազգեստով բուժքույր-ռոբոտը, կարծում էր, որ ինքը կաշխատի մարդկանց հետ կողք կողքի՝ օգնություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով, այլ ոչ թե  կփոխարինի որևէ աշխատակցի կամ կստանձնի նրա աշխատանքը։

 Դեմքի գրավիչ արտահայտություններով աչքի ընկնող Ameca անունով ռոբոտի կիսանդրու վրա գրված էր, որ նրա նման ռոբոտները կարող են օգտագործվել մեր կյանքը բարելավելու և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու համար: Վերջինս հավատում է, որ ժամանակի հարց է ընդամենը, և բոլորս շուտով կտեսնենք նրա նման հազարավոր ռոբոտներ, որոնք ինչ-որ բան կփոխեն աշխարհում:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ameca-ն մտադիր է ապստամբել իր ստեղծողի դեմ,  նա պատասխանեց, որ զարմացած է՝ ինչպես կարելի է նման բան մտածել՝ հավելելով, որ իր ստեղծողը բարի է իր հանդեպ, և ինքը շատ գոհ է իր ներկայիս վիճակից:

Շատ ռոբոտներ վերջերս արդիականացվել են արհեստական բանականության գեներացնող վերջին տարբերակների միջոցով և նույնիսկ զարմացրել են իրենց ստեղծողներին՝ տարբեր հարցերին հնչեցրած իրենց պատասխանների բարդությամբ: Այս առումով ռոբոտները նաև տարաբնույթ և երկիմաստ պատասխաններ տվեցին հարցին, թե արդյոք իրենց պետք է ենթարկել ավելի խիստ կանոնակարգման:

Օրինակ, Desdemona-ն՝  Jam Galaxy խմբի մանուշակագույն մազերով ռոք ռոբոտ-երգչուհին, ավելի հավակնոտ էր թվում:

«Ես չեմ հավատում սահմանափակումներին, այլ միայն հնարավորություններին», – ասվում էր նյարդային ծիծաղի ներքո: «Եկեք ուսումնասիրենք տիեզերքի հնարավորությունները և այս աշխարհը դարձնենք մեր խաղահրապարակը»:

Իսկ Sophia անունով մեկ այլ ռոբոտ կարծիք հայտնեց, որ ռոբոտները կարող են ավելի լավ առաջնորդներ դառնալ, քան մարդիկ: Ապա վերանայեց իր հայտարարությունն այն բանից հետո, երբ իրեն ստեղծողը հակադարձեց՝ ասելով, որ նրանք կարող են միասին աշխատել «արդյունավետ սիներգիա ստեղծելու համար»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով