ԱԺ-ն վավերացրեց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համաձայնագիրը

1 Min Read

Խորհրդարանը վավերացրեց «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Նա հայտնեց, որ համաձայնագրի նպատակն է տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված ավտոմատ փոխանակման ստանդարտների ներդրումը:

«Համաձայնագիրը սահմանում է հարկային  նպատակով օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, դրանց ժամանակացույցն ու եղանակը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալն ու հավելեց, որ հարկային մարմիններն արդեն իսկ փոխանակում են այդ տեղեկությունները, սակայն հարցումների հիման վրա: Համաձայնագիրը վավերացնելու պարագայում այն կիրականացվի ավտոմատ ձևով:

«ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ: Այն կարևոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում և բնականաբար հարկային վարչարարության բարելավման առումով,-ասաց Մուրադյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծին կողմ քվեարկեցին 96, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Հավելենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Դրան միացել են ավելի քան 110 երկրներ:

Share This Article