Բյուջեին մենք առնչվում ենք մեր կյանքի տարբեր փուլերում: Նախ փորձում ենք տնօրինել մեր անձնական բյուջեն՝ սեփական եկամուտների և ծախսերի հանրագումարը: Այնուհետև սկսում ենք կառավարել ընտանեկան բյուջեն, մեր հիմնած փոքրիկ բիզնեսի բյուջեն և այսպես հասնում ենք երկրի բյուջեին:
Պետության բյուջեն ձևավորելիս հաշվի են առնում բազմաթիվ արտաքին և ներքին հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպով կարող են ազդեցություն ունենալ բյուջեի ծախսային և եկամտային մասերի վրա: Երկրի բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է, որտեղ նկարագրվում է իշխանությունների գործունեության հիմնական ուղղությունները:
Որոնք են ռազմական բյուջեների ամենամեծ ավելացումներ և կրճատումներ արձանագրած երկրները
Բյուջեի եկամտային և ծախսային հոդվածները կառավարելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի չափազանց չմեծանա հարկային ծանրաբեռնվածությունը կամ, մյուս կողմից, չափից ավելի չընդլայնվի պետության մասնակցությունը տնտեսության մեջ:
Մյուս կարևոր խնդիրը բյուջեի ծախսերի և եկամուտների հավասարակշռությունն է: Չափազանց մեծ բյուջետային ավելցուկը կամ պակասուրդը նույնպես մեծ խնդիրներ են ստեղծում պետության համար: Պակասուրդի դեպքում ստիպված են լինում մեծացնել պետական պարտքն արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, իսկ ավելցուկի պարագայում խնդիր է առաջանում գումարների արդյունավետ տեղաբաշխման հետ:
Բյուջեի պակասուրդի կամ ավելցուկի լինել-չլինելու նպատակահարմարության մասին կան բազմաթիվ կարծիքներ և միանշանակորեն չենք կարող ասել՝ որ ճանապարհն է ավելի արդյունավետ: Այստեղ չափազանց կարևոր է երկու դեպքերի պարագայում էլ ապահովել արդյունավետությունը:
Բյուջետային գործընթացների արդյունավետության որոշակի գնահատական կարող է տալ «Heritage Foundation»-ի կողմից հաշվարկվող տնտեսական ազատության համաթվի մեջ ներառված պետության չափերը ենթահամաթիվը, որը գնահատվում է երեք հիմնական բաղադրիչների օգնությամբ՝ հարկային ծանրաբեռնվածույուն, բյուջեի ծախսեր և ֆիսքալ առողջություն: Վերջինիս հաշվարկման հիմքում դրված են երկու կարևոր ցուցանիշներ՝ բյուջեի պակասուրդը և արտաքին պետական պարտքը:
Վերջին 5 տարվա դրությամբ վերը նշված երեք ցուցանիշների մասով աշխարհում առկա է հետևյալ պատկերը.
*Դիտարկվող 3 ցուցանիշները գնահատվում են 0-100 բալ սանդղակով: Որքան փաստացի բալը մոտ է 100-ի այնքան իրավիճակը լավ է, որքան մոտ է զրոյի այնքան հարկային ծանրաբեռնվածությունը մեծ է, պետության ներգրավվածությունը տնտեսությունում շատ է և ֆիսքալ առողջությունը վտանգված է:
Այսպիսով, 2023թ-ի դրությամբ հարկային ծանրաբեռնվածության ցուցանիշն աշխարհում կազմել է 78.2 բալ, որը բավականին բարձր է: Վերջին 5 տարվա վիճակագրությունն արձանագրում է ցուցանիշի փոքր աճ: Իրավիճակը փոխվում է տնտեսությունում պետության ներգրավվածության մասով: 2023թ-ին պետական ծախսերի ցուցանիշը կազմել է 64.9 բալ, որը վերջին 5 տարվա նվազագույն ցուցանիշն է: Սակայն, փաստենք, որ այստեղ էական դերակատարում են ունեցել քովիդն ու ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, որոնք անընդհատ ստիպում են պետությանը միջամտել:
Իրավիճակը վատթարացել է նաև ֆիսքալ առողջության տեսանկյունից: 2023թ-ի դրությամբ աշխարհում ցուցանիշը հաստատվել է 54.8 բալ մակարդակում, որը նույնպես վերջին 5 տարվա նվազագույն ցուցանիշն է: Ֆիսքալ առողջության վատթարացումը ցույց է տալիս թե աշխարհի կառավարություններն ինչպիսի անարդյունավետությամբ են գործում՝ խախտելով բյուջեի հավասարակշռությունը և դիմելով պարտքային գործիքի օգնությանը:
Աշխարհում իրավիճակի վերաբերյալ պատկերացումներ կազմելուց հետո անպայման պետք է վերլուծել դրությունը Հայաստանում և համանման երկրներում: Ինչ նկատի ունենք՝ <<Հայաստանի նման երկրներ>> ասելով:
Առաջին հերթին ընտրություն կատարելիս գտել ենք այն երկրները, որոնք տարածքով մոտ են ՀՀ-ին: Երկրորդ հերթին, ընտրության չափանիշ է հանդիսացել նաև բնակչության թվաքանակը: Եվ, երրորդ՝ հաշվի է առնվել այն փաստը, որ դիտարկվելիք երկրները Հայաստանի նման չունեն ելք դեպի ծով, վառելիքաէներգետիկ ռեսուրսներ և այլ համեմատական առավելություններ: Մեր կողմից առանձնացված երկրներն են Մոլդովան, որը նաև Հայաստանի նման հակամարտություն ունի իր սահմանների մոտ, Լեսոտոն, որը աֆրիկյան անկլավ-պետություն է, և Հյուսիսային Մակեդոնիան, որը գտնվում է աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից մեկում:
Դիտարկենք հարկային ծանրաբեռնվածության ցուցանիշի փաստացի մակարդակները Հայաստանում և այս երկրներում.
2023թ-ի դրությամբ հարկային ծանրաբեռնվածության ամենացածր արդյունքը արձանագրել է Լեսոտոն՝ 77.3 բալ: Սակայն նույնիսկ այս ցուցանիշը բավականին բարձր է համարվում: Լեսոտոյում հարկային ծանրաբեռնվածությունը 5 տարիների ընթացքում էականորեն թուլացել է:
Երկրորդ տեղում է Հայաստանը 87.5 բալ, որը վերջին 5 տարիների առավելագույն ցուցանիշն է: Իրավիճակը շատ ավելի լավ է Մոլդովայում՝ 93.4 բալ և Հս. Մակեդոնիայում՝ 95 բալ: Նկատենք, որ Հս. Մակեդոնիայում իրավիճակը բերելավվել է, իսկ Մոլդովայում՝ ընդհակառակը:
Հաջորդիվ ուսումնասիրենք պետության ներգրավվածության մասշտաբները տնտեսությունում Հայաստանում և Հայաստանին նման երկրներում.
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ պետության բավականին զգալի ներգրավվածություն է դիտվում Լեսոտոյում, որտեղ իրավիճակը երբեք էլ լավ չի եղել, քանի որ պետական ծախսերի ցուցանիշի փաստացի մակարդակը փոքր է 50 բալից: Նույնիսկ 2022թ-ին ցուցանիշը կազմել է 4.5 բալ, իսկ 2023թ-ին՝ 11.2 բալ: Ամենալավ իրավիճակը Հայաստանում է, որտեղ պետական ծախսեր ցուցանիշը 2023թ-ին կազմել է 76.3 բալ, սակայն վերջին տարիներին նկատվել է դրա նվազում:
Իրավիճակը բարդ է նաև Մոլդովայում, որտեղ ցուցանիշը հաստատվել է վերջին 5 տարիների նվազագույն մակարդակում՝ 58.5 բալ: Հս. Մակեդոնիայում նույնպես ցուցանիշը վերջին 5 տարիների նվազագույն մակարդակին է հասել՝ 2023թ-ին արձանագրվելով 63.9 բալ:
Եվ վերջապես անդրադառնանք ֆիսքալ առողջության ցուցանիշին վերոնշյալ երկրներում 5 տարվա կտրվածքով.
2023թ-ի դրությամբ Ֆիսքալ առողջության ամենաբարձր ցուցանիշը՝ 82.1 բալ, նկատվում է Մոլդովայում: Սակայն, սա վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշն է:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանը 71.4 բալ ցուցանիշով: Հայաստանում ֆիսքալ առողջության ցուցանիշի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021թ-ին՝ 84.3 բալ, սակայն վերջին երկու տարիներին անընդհատ նվազել է:
Հետաքրքիր է իրավիճակը Լեսոտոյում, որտեղ 2023թ-ին ֆիսքալ առողջության ցուցանիշը կազմել է 70.1 բալ՝ կտրուկ՝ մոտ 2.5 անգամ, աճելով 2022թ-ի համեմատ: Ակնհայտ է, որ երկրում ֆիսքալ առողջության ամրապնդման մասով իրականացված քաղաքականությունը արդյունքներ է տվել, քանի որ 2023թ-ին դիտվել է վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը: Իրավիճակը վատթարացել է Հս. Մակեդոնիայում, որտեղ 2023թ-ին արձանագրվել է վերջին 5 տարվա ֆիսքալ առողջության նվազագույն մակարդակը՝ 51.4 բալ:
Ամփոփելով իրականացված վերլուծության արդյունքները՝ պետք է փաստել, որ Հայաստանում վերոնշյալ երեք ցուցանիշների մասով պատկերը աշխարհի և համեմատվող երկրների համեմատ բավականին լավ է, սակայն պետք է աշխատել վերացնել այն խոչընդոտները, որոնք վերջին տարիներին հանգեցրել են ցուցանիշների փաստացի մակարդակների նվազման:
Մյուս կողմից համեմատության մեջ դնելով մեզ նման երկրների հետ՝ նկատում ենք, որ մենք միայնակ չենք մեր խնդիրներով: Նույնիսկ դիտարկված մի շարք երկրներում իրավիճակն ավելի բարդ է քան մեզ մոտ, ինչպես նաև որոշ ցուցանիշների մասով կան առավելություններ: Այս տեսանկյունից վատ չէր լինի կազմակերպել տնտեսական ֆորում Հայաստանի, Լեսոտոյի, Մոլդովայի և Հս. Մակեդոնիայի մասնակցությամբ, որտեղ հետաքրքիր կլիներ բյուջետային գործընթացների մասով քննարկումներ և փորձի փոխանակում իրականացնելը:
*Դիտարկվող բոլոր երկրներն էլ գործում են տնտեսական և տարածաշրջանային որոշակի միավորումների շրջանակում, որն էլ ավելի հետաքրքիր և օգտակար կդարձներ փորձի փոխանակումը՝ հանուն ավելի բարեկեցիկ և զարգացած տնտեսությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում