Աճուրդում վաճառվել է Ֆրեդի Մերկուրիի «Bohemian Rhapsody» դաշնամուրը
8 Սեպտեմբերի, 2023
Կիսվել
1 Min Read
ԿԻՍՎԵԼ
Ֆրեդի Մերկուրիին պատկանող ռոյալը Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,74 միլիոն ֆունտ ստերլինգով (2,2 միլիոն դոլար), հայտնում է CNN-ը:
Չորեքշաբթի օրը կայացած աճուրդում վաճառված 59 լոտերը, որոնք վաճառվել են ընդհանուր 12,2 միլիոն ֆունտ ստերլինգով (15,4 միլիոն դոլար), ներառում էին բեմական զգեստներ, զարդեր և նկարներ Մերկուրիի արվեստի մեծ հավաքածուից:
Հավաքածուն վաճառքի է հանել Մերի Օսթինը՝ Մերկուրիի մտերիմն ու մեծ սերը, ով ժառանգել է նրա ունեցվածքի մեծ մասը: Մերկուրիի դաշնամուրը դարձավ աճուրդի երեկոյի ամենաերևելի լոտը: Sotheby’s-ի մամլո հաղորդագրության մեջ Օսթինընշել էր, որ դաշնամուրը պարզապես փայփայվում էր Մերկուրիի կողմից, և նա պահել է այն անթերի վիճակում:
«Նա երբեք չէր ծխի դաշնամուրի մոտ կամ մի բաժակ անգամ չէր դնի դրա վրա, և պիտի նաև համոզվեր, որ ուրիշ ոչ ոք դաշնամուրի մոտ չէր ծխի», — մեջբերում է Օսթինը:
Շուրջ 1200 աճուրդային իրերը, որոնք Մերկուրին ձեռք էր բերել կյանքի տարբեր շրջաններում՝ սկսած դպրոցական տարիներից մինչև փառքի գագաթնակետը, վաճառքից առաջ ցուցադրվել են Լոնդոնում: Sotheby’s-ը հայտնել է, որ մեկամսյա ցուցահանդեսին ներկա է եղել ավելի քան 140,000 այցելու:
Իսկ Մերկուրիի հուշանվերների աճուրդին մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային 2000 հայտատու` 61 երկրից։ Հասույթի մի մասը կտրամադրվի Mercury Phoenix Trust-ին և Elton John Aids Foundation-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող երկու կազմակերպություններին: