Բնապահպանական խնդիրներ առկա են աշխարհի բոլոր երկրներում: Լրահոսից հաճախ ենք տեղեկանում աշխարհի տարբեր անկյուններում բռնկված հրդեհների մասին, որոնց շատ հաճախ պատճառ են դառնում դիտավորյալ հրկիզումները:
Երբ դիտավորյալ այրում են անտառներ, որոնց հիմքերը դրվել են մի քանի դար առաջ, դա հանցագործություն է մարդկության դեմ: Հանցագործն առաջին հերթին վնաս է տալիս ինքն իրեն, իսկ ապագա սերունդներից խլում է առողջությունը և բազմամյա անտառի գեղեցկությունը վայելելու հնարավորությունները:
Ընդհանրապես այս ամենը վերաբերում է բնապահպանական այլ խախտումներին ևս:
Օրինակ, Երևանում օրվա որոշակի ժամերին ականատես ենք լինում, թե ինչպես է շինարարության պատճառով քաղաքը պատվում փոշու ամպով: Բնապահպանական այլ խախտումներ ևս արձանագրվում են:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2023թ-ի առաջին կիսամյակում արձանագրվել է բնապահպանական 1,102 միավոր խախտում: Վերջինս 25%-ով գերազանցել է 2022թ-ի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքներին:
Տեքստիլ թափոնը՝ բնապահպանական սպառնալիք. Որքան հագուստ է դեն նետվում ամեն տարի
Բնապահպանական խախտումներ արձանագրվել են տարբեր ուղղություններով, որոնցից հիմնականներն են`
•«մթնոլորտային օդի պահպանություն»՝ 10%, •«սահմանված ժամկետներում հաշվետվությունների ներկայացում/տվյալների աղավաղում»՝ 20%, •բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն՝ 35%:
2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ «մթնոլորտային օդի պահպանություն» ուղղության մասով արձանագրված խախտումների թվաքանակն աճել է 47%-ով, սահմանված ժամկետներում հաշվետվությունների ներկայացում/տվյալների աղավաղում ուղղության մասով՝ 64%-ով, և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն ուղղության մասով՝ 1%-ով:
Բնապահպանական խախտումների թվաքանակի բաշխումը ունեցել է հետևյալ պատկերը.
Պարզվում է՝ արձանագրված խախտումների մոտ 26%-ը պատկանում է Տավուշի մարզին:
Վերջինումս արձանագրված բնապահպանական խախտումների թվաքանակը 2023թ-ի առաջին կիսամյակում 2022թ.-ի նույն կիսամյակի համեմատ աճել է 29%-ով:
Երկրորդ տեղում է Գեղարքունիքի մարզը մոտ 16% մասնաբաժնով: Գեղարքունիքում արձանագրված խախտումների թվաքանակը 2023թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 26%-ով:
Երրորդ տեղն է զբաղեցրել Արագածոտնի մարզը՝ մոտ 9% ցուցանիշով: Այստեղ 2023թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ բնապահպանական խախտումների թվաքանակն աճել է 63%-ով:
✓Վերջում նշենք, որ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023թ-ի առաջին կիսամյակում խախտումների արդյունքում առաջացած վնասի հատուցման գումարը կազմել է 658,466.4 հազ. դրամ: Վերջինս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 28%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում