Մեր հայրենակիցները երևի կհիշեն վարչապետ Ն. Փաշինյանի այն միտքը, որ ՀՀ ջրային ոլորտում իրավիճակը կրիտիկական է:
ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ուղղակի հոսում է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք բազմիցս անդրադարձել ենք այս խնդրին և նշել ենք, որ Հայաստանում ջրային ռեսուրսներն արդյունավետ չեն տնօրինվում: Ընդ որում՝ դա վերաբերում է և՛ անտեղի ջրօգտագործմամաբ նաև պայմանավորված հսկայական կորուստներին, և՛ ջրի մատակարարման խափանումներին, թե՛ ջրի որակին և այդպես շարունակ:
Հայաստանում ջրի հետ կապված բոլոր հարցերով զբաղվում է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը, որը փաստորեն չի կարողանում բարձր արդյունավետությամբ աշխատել:
Սակայն, գաղտնիք չէ, որ ջրի հետ կապված խնդիրներն առկա են ամբողջ աշխարհում: Այստեղ հաշվի են առնվում ջրային ռեսուրսների առկայությունը, ջրի որակը, մաքրությունը, ջուրը մինչև բնակչին հասցնելու ենթակառուցվածքները և այլն: Ընդ որում՝ ջրի հասանելության ցածր մակարդակը շարունակում է խորանալ աշխարհում բնակչության թվաքանակի արագ աճով պայմանավորված:
Ջրի հետ կապված խնդիրները պետք է միշտ պահել ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով աշխարհում հաշվարկում են ջրային անվտանգության համաթիվը, որը հնարավորինս լայն կերպով թույլ կտա գնահատել փաստացի իրավիճակը:
Փորձենք ծանոթանալ ցուցանիշի ամենաբարձր և ամենացածր մակարդակներն արձանագրած երկրներին․
Ջրային անվտանգության համաթվի հաշվարկման համար հաշվի է առնվել 10 ցուցանիշ, որոնք նկարագրում են իրավիճակը տարբեր կողմերից:
2023թ-ի դրությամբ կրիտիկական իրավիճակ է Սողոմոնյան կղզիներում, որտեղ արձանագրվել է ջրային անվտանգության համաթվի ամենացածր մակարդակը՝ 23 բալ:
Նրան հաջորդում է Էրիթրեան և Սուդանը՝ համապատասխանաբար 29 և 30 բալ մակարդակներով:
Ջրային անվտանգության համաթվով լավագույն ցուցանիշներ է արձանագրել Շվեդիան, որտեղ արձանագրվել է համաթվի ամենաբարձր մակարդակը՝ 90 բալ:
Ապա հաջորդում են Ավստրիան, Դանիան և Լյուքսեմբուրգը, որտեղ ջրային անվտանգության համաթիվը հաստատվել է 85 բալ մակարդակում:
Երրորդ հորիզոնականում են Նորվեգիան և Շվեյցարիան, որոնց պարագայում ունենք համաթվի 84 բալ մակարդակը:
Ուսումնասիրենք իրավիճակը ԵՏՄ անդամ պետություններում և մեր տարածաշրջանում.
ԵՏՄ-ում առաջատար դիրքեր ունեն ՌԴ-ն և Բելառուսը, որոնց դեպքում ջրային անվտանգության միջին մակարդակ է առկա:
Նվազագույն բալ կամ ջրային անվտանգության ամենացածր մակարդակը առկա է Ղրղզստանում՝ 54 բալ:
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանն ունեն համապատասխանաբար 60,60 և 63 բալերը, որը նշանակում է, որ մեզ մոտ առկա է ջրային անվտանգության ոչ բավարար մակարդակ:
Իրավիճակը բարդ է Իրանում, որտեղ արձանագրվել է տարածաշրջանում ջրային անվտանգության համաթվի ամենացածր մակարդակը՝ 48 բալ:
Ընդհանուր առմամբ, 41-64 բալ արձանագրած երկրներում ջրային անվտանգությունը համարվում է ոչ բավարար մակարդակի: Հետևաբար նշված միջակայքում գտնվող այն երկրները, որոնց փաստացի ցուցանիշը մոտ է 41-ին, այս մասով ավելի մեծ խնդիրներ ունեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում