Ռուսաստանի արևելքում անցկացվող ամենամյա Արևելյան տնտեսական ֆորումի այս տարվա թեման է «Հեռավոր Արևելք – 2030. Միավորենք ջանքերը ՝ ստեղծելով հնարավորություններ»։ Գլխավոր թեմայի շրջանակներում տարբեր հարթակներում քննարկվելու են նաև մի շարք հարցեր, որոնք առանձնացվել են մեր կողմից։ Մասնավորապես,
- արդյունավետ բիզնես Հեռավոր Արևելքում. իրավական ռիսկեր և լուծման ալգորիթմներ,
- թվային բժշկական օգնականներ Ռուսաստանում՝ ձեռքբերումներ և հեռանկարներ,
- բարձրագույն կրթության ապագան. շարժում դեպի զարգացում,
- բազմաբևեռ աշխարհի ռիսկերն ու անորոշությունները. լուծումներ և գործիքակազմ,
- ընդլայնված «BRICS». գլոբալ կայունության նոր պայմաններ։
ՈՒշադիր լինելու պարագայում կնկատենք, որ դրված են հարցեր, որոնց մասով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ ունի և անհրաժեշտ են դրանց լուծման ուղիներ փնտրել։
Վերոգրյալ հարցերից յուրաքանչյուրին համապատասխանեցվել է մի ցուցանիշ, որի բարելավման մասով ՌԴ-ից հսկայական ջանքեր են պահանջվում․
Հեռավոր արևելքում արդունավետ բիզնեսի ծավալման համար երկիրն ընդհանուր առմամբ պետք է ունենա դրական բիզնես միջավայր։ Այս առումով 2024թ․ դրությամբ ՌԴ բիզնես ազատության համաթիվը կազմել է 54 բալ, որն էապես զիջում է, օրինակ, հավաքական Արևմուտքի երկրների ցուցանիշին։
Թվային բժշկության էական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած նորարարական տնտեսություն։ Վերջինիս ձևավորմանը ամեն գնով խոչընդոտում են ԱՄՆ-ն և Արևմուտքի այլ երկրներ, որոնք փաստացի կտրել են ՌԴ-ն Արևմուտքի տեխնոլոգիական մշակումների շուկայից։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Գլոբալ Ինովացիոն համաթվով ՌԴ ցուցանիշը 2023թ․ կազմել է մոտ 33 բալ։
Կրթական համակարգի զարգացումը պահանջում է հսկայական ներդրումներ։ Աշխարհում կրթության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին տարիներին մոտ է 13%-ին, այն դեպքում, երբ ՌԴ-ում ցուցանիշը տատանվում է 9%-ի շուրջ։
Ռուսաստանը շարունակում է կերտել իր պատկերացումների բազմաբևեռ աշխարհը։ Վերջինս, հատկապես հայերի տեսանկյունից, այդքան էլ արդար չէ։
ՌԴ իշխանությունների համակերպումը Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների փաստի հետ և դրանից հետո Արցախի հայկականության փաստերի վերացմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր քաղաքականության գովերգումը միայն ափսոսանք և զարմանք է հարուցում։
Նման «արդար» աշխարհի ձևավորման հետ չեն ցանկանում համակերպվել Արևմուտքում, որն իր հերթին ունի իր պատկերացումները այն արդարության մասին, որոնք իրագործվում են Գազայում։
Արևմուտքում որևէ մեկը չի մտածում Գազայում հազարավոր երեխաների մահվան մասին։
Այս լարված միջազգային իրավիճակում աշխարհը շարունակում է խորտակման քաղաքականությունը։ Դատաստանի օրվա ժամացույցը ցույց է տալիս, որ միջուկային աղետից 90 վայրկյան է պակաս։
Այսինքն, աշխարհը ցանկացած պահի կարող է միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը։
Եվ վերջում խոսվում է BRICS-ի ընդլայնման մասին, որը մեծ մարտահրավեր է Արևմուտքի համար։ Հավաքական Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանը պատժամիջոցների ճանապարհով, որոնց թիվը ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր կազմել է 17,265 միավոր։
Այս պատժամիջոցները ոչ միայն չեն օգնում գործին, այլ նաև խաթարում են Համաշխարհային տնտեսության հիմքերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում