Եվրոպայի ամենամեծ տնտեսությունում արդյունաբերական արտադրությունը հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 1,5%-ով՝ պայմանավորված Գերմանիայի հսկայական ավտոմոբիլային հատվածի 3,5%-ով անկմամբ, գրում է CNN-ը:
Գերմանական արդյունաբերական արտադրանքի անկումը, որը շատ ավելի կտրուկ է, քան կանխատեսում էին տնտեսագետները, մեծացնում է վտանգը, որ ծանր արդյունաբերությունը կրկին կկրճատվի այս տարվա վերջին՝ հավանաբար կրկին ընկնելով ռեցեսիայի մեջ:
Շինարարության ոլորտը, որտեղ արտադրությունը կրճատվել է 2,8%-ով, նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ընդհանուր արդյունաբերական արտադրության վրա, երկուշաբթի հայտնել է երկրի վիճակագրական ծառայությունը։
Գերմանիան դեռ նոր՝ ապրիլ-հունիս ամիսներին էր դուրս եկել ռեցեսիայից, քանի որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ եռամսյակի համեմատ անփոփոխ էր, բայց վերջին տվյալները ցույց են տալիս, որ տնտեսության վիճակի աննշան բարելավումը կարող է չպահպանվել:
«Մենք կքնխքտեսում ենք, որ արդյունաբերական արտադրանքի անկումը կլինի այն գործոններից մեկը, որը կառաջացնի Գերմանիայի ՀՆԱ-ի նոր անկում այս տարվա երկրորդ կիսամյակում», – գրառման մեջ գրել է Capital Economics-ի Եվրոպայի ավագ տնտեսագետ Ֆրանցիսկա Պալմասը:
Commerzbank-ի գլխավոր տնտեսագետ Յորգ Կրեմերը նույնպես կանխատեսել է ՀՆԱ-ի անկում այս տարվա վերջին:
Գերմանական ավտոարդյունաբերությունը, որը կազմում է տնտեսության մոտ 5%-ը, դեռ փորձում է վերականգնվել համաճարակի և մատակարարման խզված շղթաների հասցրած հարվածից հետո:
Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի տվյալներով՝ առաջին կիսամյակում արտադրական գծերից դուրս է եկել մոտ 2,2 միլիոն ավտոմեքենա: Թեև դա զգալի աճ էր համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ, սակայն արտադրությունը դեռևս 10%-ով ցածր է 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ: Մինչհամաճարակային արդյունքի մակարդակին հասնելու համար գուցե և դեռ որոշակի ժամանակ պահանջվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում