Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեին։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Լիտվայի հետ հարաբերությունների ընդլայնումը՝ հաշվի առնելով երկու երկրների առկա ներուժն ու աշխարհաքաղաքական զարգացումները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեն տեղեկացրել է ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վերաբերյալ։
Կողմերը նշել են, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում