Սովահարության վտանգի տակ հայտնված մարդկանց թիվը կաճի 80 միլիոնով. պատճառը կլիման է

1 Min Read

Կլիմայի փոփոխության պատճառով սովահարության վտանգի տակ հայտնված մարդկանց թիվը մինչև 2050 թվականը կաճի 80 միլիոնով, կանխատեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը՝ միջազգային հանրությանը կոչ անելով արագացնել անցումը «կանաչ տնտեսությանը» և աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։

Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում և անդրադառնալով մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ 2000-ից մինչև 2023 թվականը կլիմայական գործոններով և ջրհեղեղներով պայմանավորված բնական աղետների թիվը աճել է 134 տոկոսով։

«2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդ բախվել է սովի հետ։ Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխության պատճառով  մինչև այս դարի կեսերը սովի վտանգի առաջ կկանգնի ևս 80 միլիոն մարդ, ինչը կարիքի և հուսահատության սարսափելի  մեծ ծավալի կհանգեցնի»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսքով՝ եղանակային պայմանների բացասական ազդեցությունը պարենային անվտանգության վրա ամենից շատ զգացվել է Աֆրիկայում, Ասիայում, փոքր կղզի պետություններում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում։

TAGGED:
Share This Article