Մայիսի 26-ին Հայաստանի բազմաթիվ դպրոցներում հնչեց Վերջին զանգը։ Ավարտող աշակերտներն անցկացրեցին իրենց վերջին դասը և անցան կյանքի նոր փուլ։
Աշխարհի 10 ամենաթանկ ուսումնական հաստատությունները

Հայերի մոտ արմատացած ավանդույթի համաձայն՝ դպրոցն ավարտած աշակերտը պետք է ընդունվի բուհ՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Ցավոք, մեր կրթական համակարգը ճգնաժամի մեջ է: Բուհերում դա պայմանավորված է մի քանի գործոններով. առաջին թշնամին կոռուպցիան է։ Օրինակ, օրերս շատ է քննարկվում ԵՊՀ-ի դեկաններից մեկի ձերբակալությունը, որը պայմանավորված է կաշառք վերցնելու հետ։ Կոռուպցիոն երևույթների պատճառով հարցականի տակ են դրվում որոշ կարևոր փաստաթղթեր, բուհերը ղեկավարողների թեկնածուական աշխատանքները, գիտական կոչումները և այլն։
Բուհերի և աշխատաշուկայի միջև առկա է հսկայական անդունդ։ Մարդիկ կորցնում են իրենց կյանքի ամենաթանկ տարիները՝ դիպլոմներ ձեռք բերելու նպատակով, բայց շատերը, որպես մասնագետ համալրում են գործազուրկների բանակը։ Այս խնդիրները նոր չեն, այլ կուտակվել են տարիների ընթացքում և շարունակվում են այսօր էլ։ Կրթական համակարգի նկատելի անկումը ներկայիս ողբերգական վիճակի հիմնապատճառներից է։
Այդուհանդերձ, մեր քաղաքացիները շարունակում են ընդունվել բուհեր և հսկայական գումարներ վճարել կրթության համար․
Գծապատկեր 1․ ԲՈՒՀ ընդունվածների, սովորողերի և ավարտածների թվաքանակը 2022/23 ուս․ տարում
Հայաստանում գործում է 54 բուհ, որոնց մասնաճյուղերի քանակը կազմում է 13։ Մասնաճյուղերի քանակով առաջատար է Շիրակի մարզը, որտեղ առկա է բուհերի 5 մասնաճյուղ։
2022/23 ուս․ տարում բուհ ընդունվածների թվաքանակը կազմել է 16,536 մարդ։ Վերջինս 2021/22 ուս․ տարվա համեմատ կրճատվել է 4%-ով։ Այստեղ տեղին է նշել, որ բուհերի ներկայի և հատկապես ապագայի վրա ծանր ազդեցություն է ունենալու 44-օրյա աղետալի պատերազմի ժամանակ հազարավոր շնորհալի երիտասարդների կորուստը։
2022/23 ուս․ տարում մեր բուհերում սովորում են 71,732 ուսանող, որն 2021/22 ուս․ տարվա համեմատ աճել է 4%-ով։ 2022/23 ուս․ տարում բուհերը ավարտել են 11,500 ուսանողներ։ Վերջինս 2021/22 ուս տարվա համեմատ նվազել է 26%-ով։
Հայաստանյան բուհերը հսկայական գումարներ են վճարում պետբյուջե։ Դրա արդյունքում 2023թ-ի առաջին եռամսյակում բուհերն իրենց ուրույն տեղն են զբաղեցրել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․
Գծապատկեր 2․ Հայաստանյան բուհերը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ
Նկատենք, որ 1000 խոշոր հարկատուների ցուցակում Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանը զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը՝ պետբյուջե վճարելով մոտ 798,3 մլն դրամ։
103-րդ հորիզոնականում է ԵՊՀ-ն, որը պետբյուջե է վճարել 685,3 մլն դրամ։
209-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՀԱՀ-ը, որը վճարել է 348,3 մլն դրամի հարկեր։ Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի ՀՀ բուհերի կողմից վճարված հարկերի ծավալները՝ նշենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակում վերը ներկայացված ցուցակում առկա բուհերը միասին պետբյուջե են վճարել 3,1 մլրդ դրամի կամ 8 մլն ԱՄՆ դոլարի հարկ։
☑️Եզրափակելով վերլուծությունը. մեր բուհական համակարգը համակարգային փոփոխության կարիք ունի։ Ամենակարևոր նպատակը պետք է լինի աշխատաշուկա-բուհ անջրպետի վերացումը։ Բարձրագույնավարտը չպետք է գնա այլ ուսումնական կենտրոններում ինչ-որ մասնավոր կարճատև դասընթացներ անցնի և դառնա մասնագետ։ 4 և 6 տարի սովորելը պետք է երաշխավորի, որ աշխատանքի շուկան կընդունի այս մասնագետներին, հակառակ պարագայում համալսարանների դերը գնալով կնվազի և այս իրավիճակի երկար պահպանումը կարող է ընդհանրապես փլուզել երկրում առկա կրթական համակարգը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում