Հակադոլարային խառնաշփոթ. ինչ քայլեր են ձեռնարկվում ապադոլարիզացման հետևանքներից պաշտպանվելու համար

3 Min Read

Համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում անշրջելի զարգացումներ, որոնք կարծես հանգեցնում են գլոբալիզացիայի փլուզմանը: Այս փոփոխությունների մասին է նշում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով փաստում է, որ աշխարհի ֆինանսական համակարգը սուր կարիք ունի ձևափոխության:

Աշխարհի տարբեր մասերում լոկալ ֆինանսական համակարգերի ստեղծման միտումներ են նկատվում: Աշխարհը շարունակում է դասեր քաղել ռուս-ուկրաինական պատերազմից և դրա հետևանքներից: Այս դասերից մեկը ստիպում է ավելի զգուշավոր քաղաքականություն վարել տնտեսությունում և հատկապես ֆինանսական համակարգում: Աշխարհի տարբեր անկյուններում սկսել են մտածել տարածաշրջանային վճարային ֆինանսական համակարգեր ստեղծելու մասին:

Նման մի քաղաքականություն է որդեգրել Ինդոնեզիան: Թվում է՝ մեզ չի առնչվում հազարավոր կիլոմետրերի հեռավորությամբ գտնվող պետության այս քաղաքականությունը, սակայն սխալվում ենք. Հայաստանը, որը գտնվում է և գործում է ԵՏՄ տիրույթում, վաղ թե ուշ ևս հայտնվելու է վճարային լոկալ համակարգում: Հետևաբար, տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը մեզ համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն:

Հետաքրքիրն այն է, որ ապադոլարացման ներկայիս իրավիճակում ազգային արժույթները ձեռք են բերում որոշակի կարևորություն, դրան ավելանում է նաև վճարային տարբեր համակարգերի ստեղծումը, ինչը թույլ է տալիս նվազեցնել տարածաշրջանների կախվածությունն արտաքին ազդեցություններից:

Մասնավորապես, Ինդոնեզիան ներդնում է նոր ազգային վճարային համակարգ, քանի որ երկիրը շարունակում է ապադոլարիզացման և հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներից պաշտպանվելու իր ջանքերը: Նոր վճարային համակարգը կփոխարինի Visa – ին և Mastercard-ին պետական հաստատություններում և ընկերություններում:

Երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Փերի Վարջիյոն մեկնաբանել է.

Ինդոնեզիայի սեփական վճարային համակարգը ստեղծելու որոշումը շատ ժամանակին է՝ ընդգծելով, որ Հարավարևելյան Ասիայի երկրները պետք է ստեղծեն անվտանգության բարձիկ, որը կպաշտպանի բիզնեսին և հասարակ քաղաքացիներին Արևմուտքում աճող ֆինանսական անորոշությունից:


Վճարային համակարգի հեղափոխություն Ինդոնեզիայում


Ինդոնեզիայի վարկային քարտերի ասոցիացիայի խորհրդի անդամ Դոդիտ Պրոբոյակտին հայտնել է, որ Ինդոնեզիան «Միր» վճարային համակարգի մասով Ռուսաստանի փորձից սովորածը կկիրառի իր սեփական վճարային համակարգի վրա:

Ինդոնեզիայի բանկի կառավարիչ Փերի Վարջիյոն վերջերս կրկին անդրադաձել է հարցին.

Ինդոնեզիան հետևում է ԲՐԻԿՍ-ի ապադոլարիզացիայի տնտեսական բլոկի օրինակին ՝ դիվերսիֆիկացնելով իր արժույթի օգտագործումը տեղական արժույթների համակարգի ներդրման միջոցով: Ինդոնեզիան նաև պայմանագրեր է կնքել մի քանի երկրների հետ առևտրում տեղական արժույթների օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ Թաիլանդը, Մալայզիան, Չինաստանը և Ճապոնիան:

Ինդոնեզիայից բացի, Հարավարևելյան Ասիայի 9 այլ երկրներ (Բրունեյ, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ և Վիետնամ) վերջերս համաձայնել են խրախուսել տեղական արժույթների օգտագործումը տնտեսական և ֆինանսական գործարքների համար: Այս երկրները Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ են:

Հետաքրիքրն այն է, որ Ինդոնեզիան սկսել է դիմել նման կտրուկ քայլերի՝ սեփական տնտեսությունում ունենալով որոշակի անդորր, որի մասին են վկայում երկրի տնտեսության առանցքային ցուցանիշները.

Գծապատկեր 1. Ինդոնեզիայի տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագիծը

Ինչպես կարելի է նկատել, 2023թ-ի առաջին եռամսյակի տվյալներով ինդոնեզական տնտեսությունն աճել է 5.03%-ով: Այն պարագայում, երբ աշխարհը պայքարում է գնաճի բարձր մակարդակի դեմ,  Ինդոնեզիայում գնաճը կազմել է 4.3%:

Share This Article