«Լուդինգ գրուպ» ալկոհոլային ընկերությունը շարունակում է Երևանի կոնյակի գործարանից «Արարատ» կոնյակի մատակարարումը Ռուսաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել է «Լուդինգ գրուպ» ընկերությունը։
Ընկերությւոնից հայտնել են նաև, որ Pernod Ricard-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է, իրենք ծանուցում չեն ստացել Ararat Luding ապրանքանիշի ներքո համագործակցության կասեցման մասին։

Պայմանագրի մեկնարկից ի վեր վաճառվել է ավելի քան 1,3 միլիոն լիտր կոնյակ՝ չհաշված «Պեռնո Ռիկար»-ի կողմից ուղղակիորեն հիմնական ցանցերին մատակարարվող ծավալը։ Շուկայում «Կոմերսանտ»-ի աղբյուրների համաձայն՝ տարեկան մոտ 4 մլն լիտր «Արարատ» է ներկրվում Ռուսաստանի Դաշնություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անցած շաբաթ ասել էր, որ Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել Արարատ կոնյակի արտահանումը Ռուսաստան։ Դրան նախորդել էր Pernod Ricard-ի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնություն միջազգային ապրանքանիշերի արտահանումը դադարեցնելու և ռուսական շուկայում պորտֆելի բաշխումը դադարեցնելու մտադրության մասին։
Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Երեւանի կոնյակի գործարանի իր աղբյուրը, հայտնել է, որ ընկերությունը շարունակում է կատարել իր պարտավորությունները բոլոր երկրների բոլոր գործընկերների նկատմամբ։