«Դանակը հասել է  ոսկորին, մենք կորցնում ենք ամեն ինչ». Կոռնիձորից երթը շարժվում է դեպի Հայաստան-Արցախ սահման

2 Min Read

Կոռնիձորում հանրահավաքը մեկնարկել է Տերունական աղոթքով:
Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ եւ Տերունական աղոթքով: Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվեցին Հայաստան- Արցախ սահման: Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ:

«Դանակը հասել է  ոսկորին, մենք կորցնում ենք ամեն ինչ, այլևս իրավունք չունենք դանդաղելու, համակերպվելու, երկու անգամ մտածելու։ Մենք պարտավոր ենք վիճակը փոխել, պետք է կարողանանք ազդել վիճակի, կացության վրա»,- իր ելույթում նշել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է մենք մեր հույսը կտրենք օտարից.

 «Ոչ ոք չի գալու մեր տեղը կռվի, սուտ է։ Երբեք դա չի լինելու, մենք պետք է հենվենք մեր ժողովրդի վրա։ Ունենք մենք այդ հնարավորությունը։ Երբ մենք կռվենք, պայքարենք, հրապարակի վրա լինենք, ասենք՝ տեր ենք մեր իրավունքներին, այն ժամանակ կգտնենք նաև զինակիցներ, բայց երբեք չմտածեք, որ մեկ ուրիշը կգա մեր տեղը կկռվի, մեր իրավունքները կպաշտպանի։ Մեր սեփական ուժերով պետք է մեր նպատակն իրականություն դարձնենք»։

Մարգարյանն ընդգծել է . «Ուժեղ ենք, անպարտելի ենք, եթե միասին ենք» և «Եթե Արցախը տանք, ուրեմն Հայաստանն էլ տվել ենք, բայց մենք չենք տալու, մենք փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ հետը»։

Այս պահին Արցախում նույնպես երթ եւ հանրահավաք է տեղի ունենում՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի:

 

TAGGED:
Share This Article