Նախօրեին հայտնի դարձավ՝ Իտալիայում առգրավվել է 2,7 տոննա կոկաին։ Ըստ Reuters-ի՝ թմրամիջոցը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է։ Բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը եղել է Հայաստանը՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։
Factor.am-ը դիմել է Իտալիայի Ֆինանսական ոստիկանություն՝ պարզելու՝ ո՞ր ընկերությունն էր փորձում Հայաստան ներկրել էկզոտիկ մրգերը, որոնց արկղերի միջից հայտնաբերվել է թմրանյութը։ Իտալիայի Ֆինանսական ոստիկանության փոխգնդապետ Պերսանդո Դանիլոն զրույցում նշել է, որ ընկերության անունը չի կարող հայտնել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։
«Ես չեմ կարող ձեզ տալ ընկերության անունը, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Մենք կապի մեջ ենք նաև ձեր ազգային իշխանությունների հետ: Կարող եմ միայն ասել, որ դա, անկասկած, Հայաստանի համար էր, քանի որ կոնտեյներներում կոկայինի տեղակայման դիրքի ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ միակ վայրը, երբ հանցագործ կազմակերպությունը կարող էր վերցնել այս բեռնարկղը, այն էր, երբ բեռնարկղը կհասնի վերջնակետին: Մենք չգիտենք՝ արդյոք հայկական ընկերությունն անմիջական ներգրավված է հանցագործության մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն
ընկերության ղեկավարները, աշխատողները, միջին օղակի աշխատողները կարող են վերցնել կոկաինը առանց սեփականատիրոջ իմացության։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք պետք է ավելի շատ հետաքննություն կատարենք այս մասին»,- ասել է իտալացի պաշտոնյան:
Հարցին՝ արդյոք կա՞ն կասկածյալներ, ձերբակալվածներ, Դանիլոն պատասխանել է.
«Այո, մենք, իհարկե, ունենք կասկածյալներ, բայց պետք է ավելի շատ հետաքննություն անցկացնենք՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Կասկածներ ունենք ինչպես է կազմակերպվել, բայց սա նախաքննական գաղտնիք է»:
Հարցին՝ արդյո՞ք հարցաքննված անձանց շարքում կան հայեր, իտալացի պաշտոնյան բացասական պատասխան տվեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում