Ռուսական ԶԼՄ-ներում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ իբր Շվեդիայի խորհրդականներից մեկը՝ Բյորն Սյոդերը, դիմել է երկրի արտաքին գործերի նախարարին` առաջարկելով Հայաստանի համար հանել ԵՄ վիզային սահմանափակումները: Այս առաջարկը պատգամավորը հիմնավորել է այն հանգամանքով, որ ներկայումս կան լայն հնարավորություններ Հայաստանին մոտեցնելու ԵՄ-ին:
Օտարերկյա ներդումները ՀՀ իրական հատվածում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ռուսները չափազանց ցավոտ են ընկալում ցանկացած նման տեղեկատվություն: Հատկապես իրավիճանը անհանգստացնում է ՌԴ-ին այն համատեքստում, որ ՌԴ վարկանիշը Հայաստանում խիստ վնասվել է՝ պայմանավորված Արցախում և ՀՀ սահմաններում տիրող խայտառակ իրավիճակով:
Իրականում Հայաստանի համար նման կարգի բանավեճերը խիստ վտանգավոր են, քանի որ իրավիճակը դեռևս մնում է լարված մեր տարածաշրջանում: Բացի այդ` Հայաստանի ներկայիս շահերը չեն ենթադրում հարաբերությունների վատթարացում ՌԴ-ի հետ: Ռուսաստանը, այնուամենայնիվ, ապահովում է ՀՀ անվտանգությունը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ և էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա: Եվ չի կարելի մոռանալ, որ ՌԴ-ում ապրող միլիոնավոր հայեր իրենց ընտանիքներին գումարներ են փոխանցում` սեփական հայրենիքում գոյատևելու համար:
ՌԴ-ի և Հավաքական Արևմուտքի՝ ՀՀ տնտեսությունում ներգրավվածության չափերը պատկերացնելու համար ուսումնասիրենք երկու կողմերի ՀՀ իրական և ֆինանսական հատվածում կատարված ներդումների ծավալները:
Առաջին հերթին դիտարկենք իրական հատվածում կատարված ներդրումների ծավալները.
Գծապատկեր 1. ՀՀ իրական հատվածում Կոլեկտիվ Արևմուտքի և ՌԴ-ի կողմից իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ
ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալները 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2,625,867.7 մլն դրամ: Այս ծավալների 40.4%-ն ապահովել է ՌԴ-ն: Սա բավականին լուրջ թիվ է, իսկ իրական հատվածը երկրի տնտեսության հիմքն է:
Հավաքական Արևմուտքի երկրներից Կիպրոսի մասնաբաժինը կազմել է 6.1%,
Կանադայինը և Մեծ Բրիտանիայինը՝ համապատասխանաբար 5.4% և 5.2%, Լյուքսեմբուրգը՝ 4.4%:
Իրավիճակը այլ է ֆինանսական հատվածում.
Գծապատկեր 2. ՀՀ ֆինանսական հատվածում Կոլեկտիվ Արևմուտքի և ՌԴ-ի կողմից իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ
2022թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ֆինանսական ոլորտում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալները կազմել են 2,924,509.7 մլն դրամ: Այս ծավալների 3.3%-ը պատկանում է ՌԴ-ին:
Հավաքական Արմուտքի երկրներից Լյուքսեմբուրգի մասնաբաժինը կազմել է 7.6%, Կիպրոսինը՝ 6.9%, Շվեյցարիայինը և Մեծ Բրիտանիայինը՝ 5.6%:
Այսպիսով, ՌԴ ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա աննկարագրելի մեծ է: Իհարկե, Արևմուտքը ևս իր որոշակի ներդրումն ունի ՀՀ տնտեսությունում, սակայն այդ ներկայությունը զգալի զիջում է ռուսական ներկայությանը: Հետևաբար, ներկա պահին Հայաստանի համար ոչ թե կարևոր է ճամբարներից մեկի ընտրությունը, այլ, ընդհակառակը, հնարավորինս այդ ընտրությունից խուսափելը, քանի որ մեր ազգային շահերը դա են պահանջում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում