Մինչ հայրենի իշխանության միակ հույսը մնացել են կանայք, ում ցանկանում են բանակ տանել և այնուհետև զորացրվելուց հետո 1 մլն դրամ վճարել, թշնամին շարունակում է հակակառուցողական գործողությունները մեր երկրի ներսում: Բացի այդ այս դառը և հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը Ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում Մեծ Եղեռնի զոհերին:
Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2018թ-ից ի վեր միջազգային հանրության կողմից ապրիլի 24-ը նշվում է որպես Բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օր՝ հանուն խաղաղության (International Day of Multilateralism and Diplomacy for Peace): Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ գործադրվող ջանքերն այլևս չեն տալիս ցանկալի արդյունքներ, և կարծես կրկին անգամ հայտնվելով հուսահատության ճիրաններում՝ օրացույցում ավելացվում է խաղաղությունն ու համերաշխությունը կարևորող հերթական տոնը:
Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ցավալին այն է, որ ներկայումս Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներում կրկին նկատելի են ցեղասպանական քաղաքականության վտանգները: Արդեն իսկ Ադրբեջանին հանձնված տարածքներում տեղի է ունենում մշակույթային ցեղասպանություն միջազգային հանրության և հայաստանյան խաղաղսեր իշխանությունների աչքի առաջ:
Ցավոք, Հայոց Ցեղասպանությունից 108 տարի հետո, նորից մեր տարածաշրջանը հայտնվել է խոշոր ճգնաժամի առաջ, որտեղ նորից հայերը կենտրոնական տեղում են: Հարավային Կովկասում առկա ճգնաժամը միակը չէ, աշխարհի տարբեր անկյուններում կոնֆլիկտները շարունակվում են և ներկայումս ընթացող ամենաթեժ ճգնաժամը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որը սպառնում է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի:
Եվրոպայի սրտում ընթացող այս աղետալի պատերազմն էապես փոխեց աշխարհը: Մասնավորապես, ռազմական ծախսերը կրկնապատկվել են 1980թ-ից ի վեր՝ կազմելով գրեթե $2 տրլն, սակայն ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ դրանք կրճատվել են 4%-ից մինչև 2%: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը հիմնարար փոփոխություններ է առաջացրել պաշտպանական դիրքերում և քաղաքականությունում, մատակարարման շղթաներում և պարենային անվտանգության ոլորտում։
Գնաճն աճել է ամբողջ աշխարհում՝ 2022թ-ի սկզբին հասնելով տարեկան 8%-ի ԱՄՆ-ում և 7%-ի Եվրոպայում: Համաշխարհային ռազմական ծախսերը, որոնք 2014թ-ից ի վեր աճել են չափավոր տեմպերով, նոր աճի հնարավորություններ են ստացել 2022 թ-ին:
ՆԱՏՕ-ի շատ երկրներ պարտավորվել են մինչև 2024թ.-ը ավելացնել իրենց պաշտպանական բյուջեները մինչև այն մակարդակները, որոնք մոտ են կամ գերազանցում են ՆԱՏՕ-ի առաջարկած ՀՆԱ-ի 2%-ը: Եթե բոլոր անդամները պահպանեն դաշինքի պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն պահանջները, ՆԱՏՕ-ի պաշտպանական բյուջեն մոտ ապագայում կարող է աճել 7%-ով:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Դանիան, Բելգիան, Իսպանիան, Նորվեգիան և այլն, համաձայնել են առաջիկա տարիներին ավելացնել իրենց պաշտպանական բյուջեները ՆԱՏՕ-ի առաջարկած նվազագույնի մակարդակին համապատասխան: Ֆրանսիան և Լեհաստանը խոստացել են պաշտպանության ֆինանսավորման հետագա ավելացում, որը զգալիորեն գերազանցում է 2%-ի մակարդակը, մինչդեռ ԱՄՆ-ը ծախսերը կավելացնի մինչև $813 մլրդ կամ ՀՆԱ-ի 3,8%-ը:
Սոցիալական ցանցերն իրենց հերթին փոխում են հետախուզական տվյալներ հավաքելու ձևը, օրինակ՝ ուկրաինացիները Meta-ն օգտագործում են ռուսական զորքերի տեղաշարժերի մասին նախնական տվյալներ հավաքելու համար։ Հետախուզական տվյալները նույնպես փոխանցվում են ակնթարթորեն, հում տեսքով և գրեթե առանց վերլուծության: Պատերազմը և Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները լրացուցիչ ճնշում են գործադրել պարենի գների վրա, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքի խոշոր արտահանողներ են: Ուկրաինական հակամարտությունում հինգերորդ սերնդի բջջային տեխնոլոգիաները (5G), սոցիալական մեդիայի հեղափոխությունը, արհեստական ինտելեկտը և անօդաչու թռչող սարքերի ավելի մեծ հասանելիությունը փոխել են պատերազմի ընթացքը:
Այս ամենով պայմանավորված՝ աշխարհում խաղաղության հետընթաց է արձանագրվել: Մասնավորապես, խաղաղության համաթիվը 2022թ-ին 2021թ-ի համեմատ 0.3%-ով զիջել է իր դիրքերը.
Գծապատկեր 1.Գլոբալ խաղաղաղության համաթվով բարելավումներ և վատթարացումներ արձանագրած երկրները 2022թ-ին
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ գլոբալ խաղաղության համաթիվը հաշվարկելիս հաշվի է առնվում 23 գործոն, որոնք վերաբերում են երկրների ներքին և արտաքին միջավայրում ընթացող գործընթացներին՝ ինքնասպանություններից մինչև տեղահանվածների թիվը, երկրի սահմաններում առկա հակամարտությունները, երկրի ներսում որոշակի խժդժությունները և այլն:
Գլոբալ խաղաղության համաթվի փաստացի մակարդակը տատանվում է 1-5 բալ միջակայքում, որքան ցուցանիշը մոտ է 1-ի, այնքան երկիրը համարվում է խաղաղության կարգավիճակում գտնվող, որքան փաստացի ցուցանիշը մոտ է 5-ի, այնքան երկիրը գնում է ոչ խաղաղության օրակարգով:
Այսպիսով, 2022թ-ին աշխարհի 90 երկրներ բարելավել են իրենց գլոբալ խաղաղության համաթիվը: Ցավոք, 71 երկրում արձանագրվել է հետընթաց:
Ուսումնասիրենք՝ խաղաղության տեսանկյունից ինչպիսի իրավիճակ է եղել մեր տարածաշրջանում 2022թ-ին.
Գծապատկեր 2. Խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում 2022թ-ի դրությամբ
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանը և Վրաստանը համարվում են տարածաշրջանի այն երկրները, որոնք մյուսների համեմատ ավելի շատ են ձգտում խաղաղության: Մյուս երկրներում իրավիճակը բարդ է:
ՌԴ-ն և Թուրքիան արձանագրել են գլոբալ խաղաղության համաթվի համապատասխանաբար 3.3 և 2.8 բալ, իսկ Իրանը` 2.7 բալ արդյունքները:
Հարավային Կովկասում խաղաղության բանակցություններ վարողները իրենք էլ այնքան խաղաղասեր չեն: Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը մի կողմից, ԱՄՆ-ն և արևմտյան մյուս երկրները՝ մյուս կողմից, տարաշածրջանը լարվածության մեջ պահելու իրենց բազմադարյա սովորույթին կարծես չեն դավաճանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում