ԱՄՆ ֆինանսական համակարգում նկատվող խնդիրները շարունակում են մնալ ոչ միայն ամերիկյան հանրության, այլ նաև ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Հակադոլարային, նավթի արտադրության ծավալների կրճատման և ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ տնտեսությունը, որը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը, գործում է չափազանց լարված պայմաններում: Այս իրավիճակը բարդանում է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված: Աշխահը սպասում է փոփոխությունների:
Բանկերի սնանկացման պատճառները. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ցավոք, հանրությունը ականատես եղավ առաջին ոչ բարի նորություններին, երբ մի քանի օրվա ընթացքում սնանկացան SVB-ն և Signature Bank-ը: Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ԱՄՆ-ի բանկերի չապահովագրված ավանդների ծավալները: Ստորև ներկայացված տվյալները ներառում են 2022թ.-ի վերջին առնվազն 50 միլիարդ դոլարի ակտիվներ ունեցող ԱՄՆ բանկերը:
Գծապատկեր 1. ԱՄՆ-ի բանկային համակարգում առկա չապահովագրված ավանդների ծավալները 2022թ-ին
Պարզվում է՝ 2022թ-ին ԱՄՆ-ում առկա են $7 տրլն-ին հասնող չապահովագրված բանկային ավանդներ: Այս ծավալը մոտավորապես 3 անգամ գերազանցում է Apple-ի շուկայական կապիտալիզացիան կամ մոտավորապես հավասար է ԱՄՆ ՀՆԱ-ի 30%-ին:
Նշենք, որ չապահովագրված ավանդներն այն ավանդներն են, որոնք գերազանցում են Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից ապահովագրված $250,000 սահմանաչափը, որն իրականում ավելացել է $100,000-ով համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո: Դրանք կազմում են բոլոր բանկային ավանդների մոտավորապես 40%-ը:
Ուսումնասիրենք իրավիճակը առավել ռիսկային գոտում գտնվող 5 գործող բանկերի մասով.
Գծապատկեր 2. Չապահովագրած ավանդների ամենամեծ մասնաբաժին ունեցող առաջին 5 գործող բանկերը ԱՄՆ-ում 2022թ-ի դրությամբ
Նկատենք, որ չապահովագրված ավանդների մեծ մասնաբաժին՝ 92%, առկա է Bank of New York Mellon-ի մոտ, որի ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է $325 մլրդ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ սնանկացած երկու բանկերի՝ SVB-ի և Signature Bank-ի պարագայում չապահովագրված ավանդների ծավալի մասնաբաժինները կազմում են համապատասխանաբար 93.8% և 89.3%: Վերը ներկայացված ցուցակը եզրափակում է CIBC Bank USA-ն, որի չապահովագրված ավանդների մասնաբաժինը կազմում է 73.1%, իսկ բանկի ակտիվների ծավալը $51 մլրդ է:
Անշուշտ, այս իրավիճակն ազդանշան է այն բանի, որ ԱՄՆ-ի բանկային համակարգը շարունակում է խոցելի մնալ և անհրաժեշտ են համակարգային լուծումներ, եթե, իհարկե, արդեն ուշ չէ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում