ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսանողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների 2023-2024 թվականին ընդունված ուսանողների կրթաթոշակները կավելանան շուրջ 14 անգամ՝ կազմելով 70-77 հազար դրամ։
ԿԳՄՍՆ-ից banksnews.am-ին տեղեկացրին, որ խոսքը ամսական կթաթոշակի մասին է։ Այսինքն՝ նշված մասնագիտություններով 2023-2024 թվականին ընդունված ուսանողները կստանան ամսական 70-77 հազար դրամ։
Մինչ այս՝ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը տատանվում էր 4-5 հազար դրամի սահմաններում։
Այսպիսով՝ նախագծով սահմանվել են բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝
1) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին՝
առաջին կուրսում՝ 70 հազար դրամ,
հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01 % և բարձր ՄՈԳ ունեցողներին 77 հազար դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 հազար դրամ:
2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող սովորողներին՝ 50 հազար դրամ` ըստ առաջադիմության:
Նախագծով ներկայացվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների /կրթական ծրագրերի/ ցանկը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունները:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրմանը, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:
Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը բուհեր ընդունված սովորողների նկատմամբ կիրառվում են գործող կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում