Հայաստանը 92,3 միլիոն եվրոյի չափով նոր վարկ կստանա

2 Min Read

Հայաստանը 92,300,000 եվրո արժողությամբ նոր վարկ կվերցնի։ Նախագիծն այսօր ընդունվեց Կառավարության չզեկցվող հարցերի փաթեթով, տեղեկացնում է Banksnews.am-ը։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրումը համարում ենք նպատակահարմար:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Նշենք, որ Կառավարության որոշումից հետո վարկային համաձայնագիրը պետք է վավերացնի նաև Ազգային ժողովը։

Share This Article