BanksNews.am-ը տեղեկանում է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ վեճ է բռնկվել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այս առթիվ գրառում է արել. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»։
BanksNews.am-ի տեղեկություններով՝ Վլադիմիր Վարդանյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակի տվյալներով՝ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակն արդեն կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում