Մի քանի օր է, ինչ Երևանում չեն հանդարտվում մասսայական ծառահատումների պատճառով բորբոքված կրքերը: Երևանի քաղաքապետարանի որոշումը մեկնաբանելով՝ Տ․ Ավինյանը իրավիճակը ներկայացնում է բավականին մակերեսորեն՝ ծառերի հատումը բարդելով գիտնականների վրա։ Սակայն նման պարզաբանումները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում, եթե հաշվի առնենք նաև, որ ներկայիս Երևանի իշխանությունները բավականին հեղինակազրկվել են վերջին տարիներին։
Իրականում այս 5 տարիների ընթացքում քաղաքի ֆունդամենտալ խնդիրները չեն լուծվել. միայն արձանագրվել է լոկալ նշանակության որոշ հարցերի կարգավորում։ Հիմա հերթը հասել է մայրաքաղաքի ծառերին: Երևանցիներն ահազանգում և պահանջում են ստուգել՝ արդյոք այս ծառերը չեն հատվել հետագա անօրինական վաճառքի նպատակով։
Հետաքրքիրն այն է, որ քաղաքի յուրաքանչյուր հերթական իշխանություն հերոսանում է յուրովի. մեկը տրամվայի գծերն է վերացնում, մյուսը Հաղթանակի զբոսայգու անտառներն է «թեթևացնում» , իսկ ներկայիս իշխանություններն էլ որոշել են վերջ տալ Երևանի քաղաքային դիմագիծն ու յուրահատկությունը ընդգծող ծառատեսակներին։ Որոշվել է «սակուրապատել» ողջ Երևանը։ Որոշ լրատվականների հաղորդմամբ՝ սակուրայի մեկ տնկիի արժեքը կազմում է 65-72 հզր դրամ։
Հարց է առաջանում՝ արդյոք Երևանում այլ խնդիրներ չկան լուծելու, և արդյո՞ք սակուրաները գալիս են փրկելու մայրաքաղաքը, որն օդի աղտոտվածության մակարդակով կարմիր գոտում է հայտնվել:
Ինչպիսի՞ աճ է գրանցել շինանարությունը Հայաստանում. Վերլուծություն
Չհատելով դեռ կանաչ կենդանի ծառերը՝ կարելի էր մեծացնել Երևանի թոքերը ՝ ծառատունկ կազմակերպելով հատկապես քաղաքի այն հատվածներում, որտեղ համատարած աղբ է և ամայություն։ Նույնիսկ ծիծաղելի է հնչում քաղաքապետարանի այն պատճառաբանությունը, թե քանի որ Օպերայի շենքը կլոր է, դիզայներները խորհուրդ են տվել կառույցի հարակից տարածքում կլոր ծառեր տնկել։ Հետաքրքիր է՝ դիզայներական վերերկրային այդ մտքի թռիչքի համար քաղաքապետարանը որքան գումարներ է ծախսել։
Բայց իրականում այս ամենը չափազանց մտահոգիչ է, քանի որ Երևան քաղաքում կան էկոլոգիական լուրջ խնդիրներ։ Դրա մասին են վկայում նաև հետևյալ համեմատական տվյալները․
Գծապատկեր 1․ Հայաստանի մայրաքաղաքի և հարևան երկրների մայրաքաղաքների մի շարք ցուցանիշների համեմատական նկարագիրը
Ցուցաշները ցույց են տալիս, որ համեմատվող մայրաքաղաքներում օդի որակն այդքան էլ բարձր դիրքերում չէ։ Իրավիճակը որոշակիորեն լավ է Մոսկվայում։ Հայաստանում օդի որակը գտնվում է ցածր մակարդակում և մոտ է Անկարայի օդի որակի ցուցանիշին։
Երևանում վատ իրավիճակ է նաև կանաչ տարածքների և զբոսայգիների որակի տեսանկյունից։ Այս ցուցանիշով Երևանը գտնվում է վերջին տեղում։ Այսպես, Երևանում կանաչ տարածքների և զբոսայգիների որակը գնահատվում է 35,1 բալ, այն պարագայում, երբ Թբիլիսիում 38,5 բալ է, Բաքվում՝ 44,1 բալ, Անկարայում՝ 38,8 բալ, Թեհրանում՝ 46,2 բակ, իսկ Մոսկվայում՝ 72,9 բալ։
Հետևաբար, կարելի է փաստել, որ 5 տարի գտնվելով Երևանի իշխանության ղեկում, ներկայիս ղեկավարությունը նույնպես էական տեղաշարժեր չի արձանագրել երևանցիների խնդիրների լուծման հարցով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում