Աշխարհում սկսում են ավելի լրջորեն մոտենալ Հնդկաստանին: Այս երկիրը, որտեղ բնակվում է միլիարդից ավելի մարդ և առկա է աղքատության չափազանց բարձր մակարդակ, շարունակում է մեծացնել իր ներկայությունը համաշխարհային տնտեսությունում: Հատկապես կարևորվում է հնդկական բարձր տեխնոլոգիական ոլորտը, որը գրավում է նորանոր հորիզոններ: Հնդկական IT ոլորտը ձեռնոց է նետում նույնիսկ Արևմուտքին: Այս համատեքստում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը պետք է դիտարկել բարձր տեխնոլոգիական ոլորտում, որտեղ հայերը նույնպես ունեն որոշակի առավելություններ:
Apple-ն իր սարքերի մինչև մեկ քառորդը կհավաքի Հնդկաստանում
Հայ-հնդկական բարձր տեխնոլոգիական միությունը կարող է էապես փոխել տեխնոլոգիական զարգացման հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023թ-ի հունվարի կեսերին Հնդկաստանի կառավարությունը միավորվել է գիտական շրջանակների և ստարտափերի ներկայացուցիչների հետ բջջային օպերացիոն համակարգ ստեղծելու նպատակով, որը կրելու է IndOS անունը:
Հետաքրքիր է պարզել՝ ինչ հաջողություններ է արձանագրել հնդկական ՏՏ ոլորտը 2022թ-ի ընթացքում.
Գծապատկեր 1. Հնդկական ՏՏ ոլորտի հիմնական միտումները 2022թ-ի դրությամբ
Առաջին հերթին նշենք, որ 2022թ-ին 2021թ-ի համեմատ հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան ընդլայնվել է 1.9%-ով: 2022թ-ին ոլորտում ծախսերի ծավալները հասել են մոտ $110 մլրդ-ի: Այստեղ առաջատար են համարվում համակարգիչների և այլ սարքավորումների վաճառքի ոլորտը, որի ծավալները կազմել են $48.4 մլրդ: Բարձր տեխնոլոգիական ծառայությունների ծավալը կազմել է մոտ $21 մլրդ:
Հնդկաստանը բջջային հեռախոսների արտադրության ծավալներով 2-րդն է աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ հնդկական բջջային հեռախոսների շուկան գրավել է չինական արտադրողներին, որոնք գնահատում են ոլորտում վարվող գրավիչ հարկային քաղաքականությունը: 2022թ-ի մայիսին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հնդկաստանը ուժեղացրել է վերհսկողությունը վիրտուալ մասնավոր ցանցերի ծառայություններ մատուցող ընկերությունների վրա: Դրա արդյունքում այս ընկերություններին պարտավորեցրել են հավաքել հաճախորդների տվյալները և տրամադրել իշխանություններին:
2022թ-ի ապրիլի 26-ին ԵՄ նախագահը և Հնդկաստանի վարչապետը հայտարարել են առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի ձևավորման մասին, որը օգնելու է կարգավորել երկրների միջև առկա առևտրային և տեխնոլոգիական խնդիրները:
Սա ԵՄ-ի և Հնդկաստանի միջև առկա հարաբերությունների նոր մակարդակ է, որը ԵՄ-ն ունի միայն ԱՄՆ-ի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում