Ինչպես փնտրել աշխատանք՝ աշխատաշուկայում առկա ներկայիս անորոշության և փնթիության պայմաններում

16 Մարտի, 2023
3 Min Read
Ինչպես փնտրել աշխատանք՝ աշխատաշուկայում առկա ներկայիս անորոշության և փնթիության պայմաններում

Վարչապետի յուրաքանչյուր հաջորդ ասուլիսից կարծես պարզ է դառնում, թե ինչպիսի մակերեսային վերաբերմունք ունեն ժողվրդի ընտրյալները երկրի ներսում և դրսում առկա խնդիրների շուրջ։ Մասնավորապես, մտահոգիչ է իրավիճակը ՀՀ աշխատանքի շուկայում, որտեղ աշխատողն ընդհանրապես պաշտպանված չէ և կարող է հեշտությամբ դառնալ կամայականությունների զոհ։ Օրինակ, երբևէ պատահե՞լ է՝ աշխատանք փնտրեք աշխատանքի հայտարարությունների ամենատարբեր կայքերում։ Նախ՝ հայտարարությունները տեղադրվում են ոչ պատշաճ ձևով։ Օրինակ, չի նշվում աշխատավարձը, հաստիքի անվանումները հստակ չեն, աշխատանքին վերագրվող պահանջները թերի և շատ հաճախ նաև՝ անհամապատասխան տվյալ մասնագիտությանը։ Առաջին հերթին այս դաշտն անհրաժեշտ է կարգավորել  օրենքի ուժով։ Հաստիքների ճշգրիտ անվանումների և պահանջների ձևակերպումները պետք է մշակվեն գործատուների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում։ Աշխատանքները պետք է կատարվեն յուրաքանյուր տարվա վերջում հաջորդ տարվա համար։ Շատ կարևոր է հասկանալ մի փաստ, որ հայտարարությունները պետք է դրվեն միայն հայերենով, քանի որ Հայաստանում Հայոց լեզուն է պաշտոնական, պետական լեզուն։ Աշխատանքի տեղավորման կայքերը պետք է ունենան հայտարարությունների թարգմանման եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն համակարգ։

Իսկ հայտարարությունների տեղադրման փնթիությունից ազատվելուց հետո անպայման պետք է պարտադիր կերպով նշել հստակ աշխատավարձի չափ կամ  դրանց միջակայքերի նշում, քանի որ աշխատողի համար հիմնականում աշխատավարձի ցուցանիշն է կարևոր։ Ընդ որում, կարիք կա նշել իրական մեծությունը։ Հայաստանի աշխատանքի շուկայում նաև նկատվում է կեղծ հայտարարությունների միտումը, երբ հաստիքը փաստացի հայտարարվում է, մինչդեռ այն իրականում արդեն զբաղեցված է։ Առանց վերոնշյալ ուղղումներն անելու՝ չի կարելի մեղադրել աշխատանք փնտրողներին, որոնք այդպես էլ աշխատանքի չեն կարողանում տեղավորվել։ 2023թ-ի հունվարի վերջի դրությամբ համաձայն ՎԿ տվյալների՝  Հայաստանում աշխատանք է փնտրում 69,060 մարդ։ Վերջինս 2022թ-ին հունվարի համեմատ կրճատվել է մոտ 19,4%-ով․

Գծապատկեր 1․ Աշխատանք փնտրղների բաշխումը Երևանի և ՀՀ մարզերի միջև 2023թ-ի հունվարի վերջի դրությամբ

Այս առումով մեծ ակտիվություն է ցուցաբերում Շիրակի մարզը, որտեղ արձանագրվել է աշխատանք փնտրողների ամենամեծ մասնաբաժինը՝ 19%։ Չնայած այս հանգամանքին՝ Շիրակում աշխատանք փնտրողների թվաքանակը 2023թ-ի հունվարի վերջին, 2022թ-ի հունվարի վերջի համեմատ, նվազել է մոտ 24%-ով։ Ակտիվ մարզեր են համարվում Արարատը՝ 13%, Լոռին՝ 12%, և Կոտայքը՝12%։

Նկատենք, որ աշխատանք փնտրողների թվաքանակը Արարատում, Լոռիում և Կոտայքում 2023թ-ի հունվարի վերջին, 2022թ-ի հունվարի վերջի համեմատ, կրճատվել է համապատասխանաբար՝ 6,5%-ով, 13,6%-ով և 14,9%-ով։ Զարմանալի է, որ անվանական ամենաբարձր աշխատավարձեր ունեցող Երևանում և Սյունիքի մարզում աշխատանք փնտրողների մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 10% և 4%։
Երևանում և Սյունիքում 2023թ-ի հունվարի վերջին 2022թ-ի հունվարի վերջի համեմատ աշխատանք փնտրողների թվաքանակը նվազել է համապատասխանաբար 34%-ով և 23,1%-ով։ Կարևոր է փաստել նաև, որ 2023թ-ի հունվարի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների մոտ 70%-ը գործազուրկներն են։  2023թ-ի հունվարի վերջին 2022թ-ի հունվարի վերջի համեմատ գործազուրկների թվաքանակը նվազել է 16,5%-ով։

Ամփոփելով պետք է փաստենք, որ աշխատանք փնտրողների համար աշխատանքային հայտարարությունները հիմնական տեղեկատվական աղբյուրներն են, որոնց օգնությամբ մարդիկ հասկանում են՝ ինչ աշխատանքի համար կարող են դիմել։ Սակայն, ներկայումս առկա խառնաշփոթն այս ոլորտում էապես խանգարում է աշխատանք փնտրողներին, հետևաբար պետք է անհապաղ կարգավորել այս դաշտը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
1 Comment