2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար տրամադրելու վերաբերյալ որոշում:
Հայ կինոյի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում (2022-2023 թթ.) և միջոցառումների նպատակն է՝ հայ արդի և դասական կինոարվեստի հանրայնացումն ու տարածումը, միջազգային դիրքավորումն ու ճանաչելիության բարձրացումը, կինոժառանգության վերաարժևորումը, կրթական որակի բարձրացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում, որոնք նորովի կբացահայտեն հայ կինոյի ձեռքբերումները՝ համազգային և միջազգային մակարդակում։ Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում:
Ընդհանուր առմամբ կտրամադրվի ավելի քան 240 մլն դրամ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում