Համակարգիչներ արտադրող ամերիկյան Dell ընկերությունը աշխատանքից կազատի իր աշխատուժի 5 %-ին կամ 6650 աշխատակցի, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ջեֆ Քլարկի նամակը։
Քլարկի խոսքերով, Dell-ը բախվել է այնպիսի շուկայական պայմանների, որոնք «շարունակում են վատթարանալ» և «ապագան մնում է անորոշ»։ Քլարկը նշել է, որ այնպիսի միջոցներն, ինչպիսիք են գործուղումների ծախսերի կրճատումը և նոր աշխատակիցների ընդունման կասեցումը, այլևս բավարար չեն տնտեսական անկման պայմաններում: Մասնաճյուղերի վերակազմավորումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումը ղեկավարությունը դիտարկում է որպես ընկերության արդյունավետությունը բարձրացնելու միջոց։
Կրճատումներից հետո Dell-ում կմնա 126,300 մարդ, ինչը 2017 թվականից ի վեր աշխատակազմի նվազագույն թիվն է։ Ընդ որում, 2020 թվականին աշխատակիցների թիվը հասել էր 165 000-ի։
Bloomberg-ը նշում է, որ Dell-ը համակարգիչների պահանջարկի անկում է գրանցել՝ համաճարակի ընթացքում ունեցած կտրուկ աճից հետո: Ըստ International Data Corporation (IDC) խորհրդատվական ընկերության ոլորտի վերլուծաբանների՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում համակարգիչների մատակարարումները կտրուկ նվազել են։ Ամենամեծ անկումը գրանցվել է հենց Dell-ի մոտ՝ 37%, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, Dell-ն իր եկամտի մոտ 55 %-ը ստանում է համակարգիչների վաճառքից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում