Ռուսական քաղաքականությունը Ուկրաինայում գործի դրեց մի բանաձև, որի համաձայն Ռուսաստանը հնարավոր է ստանա մի շարք տարածքներ և հրադադարի ռեժիմ, իսկ դրա դիմաց կկորցնի կապերը զարգացած երկրների հետ, որոնք խոշոր շուկաներ էին ՌԴ վառելիքաէներգետիկ ոլորտի համար, ինչպես նաև ՌԴ-ին էին մատակարարում առաջադեմ տեխնոլոգիաներ: Ռուսների կարծիքով նրանք կկարողանան այլ գործընկերներ գտնել Չինաստանում, Բրազիլիայում և այլ երկրներում:
Այո, անշուշտ, ռուսական տնտեսությունը բավականին դանդաղ տեմպերով կհարմարվի այս իրավիճակին, սակայն նույն տեղում չի մնա նաև Հավաքական Արևմուտքը:
Այն պարագայում, երբ ՌԴ-ն կորցնում է Արևմուտքի բազմաթիվ երկրների աջակցությունը, իր հերթին Արևմուտքը կորցնում է միայն ռուսական շուկան, որն առանց որևէ փորձության կարելի է փոխարինել հնդկական, չինական, ճապոնական և այլ երկրների շուկաներով: Ռուսական կողմի աշխարհքաղաքական սխալ հաշվարկները շատ թանկ են նստելու և բերելու են տնտեսության հետամնացության: Իհարկե, սա այն պարագայում, եթե Հավաքական Արևմուտքը ևս կանգ չառնի, ներդնի առաջավոր տեխնոլոգիաներ և հասնի տեխնոլոգիական նոր հորիզոնների՝ ունենալով մենաշնորհային դիրքեր աշխարհում։
Ռուսական կողմի պնդումների համաձայն՝ Եվրոպան չի կարող գոյատևել առանց ռուսական գազի: Իհարկե, կարող է: Սա հերթական խաբկանքն է: Նկատենք, որ Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են գտնվում ռուսական գազի ճիրաններում: Բացի այդ՝ շարունակվում է էներգետիկ համակարգի վերափոխումը նոր տեխնոլոգիաների օգնությամբ: Կան բոլոր ֆինանսական հնարավորություններն այդ նպատակներն իրագործելու համար: Բացի այդ՝ ԵՄ-ն գազի մեծ պահանջարկ է ունենում հատկապես ձմռանը, այն էլ ցրտաշունչ ձմեռներին: Այդուհանդերձ տարվա մյուս ամիսներին գազի նկատմամբ պահանջարկը սկսում է նվազել, որը թույլ կտա կուտակել պաշարներ ձմեռվա համար:
Ռուսական այս քաղաքականության արդյունքում ԵՄ-ն անցյալ տարի արդեն առաջ է անցել Չինաստանից և Ճապոնիայից՝ հեղուկ գազի ներկրմամբ.
Գծապատկեր 1. Հեղուկ գազի ներկրման համաշխարհային ծավալներում էական մասնաբաժին ունեցող երկրները` 2022 թ․-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԵՄ-ի մասնաբաժինը կազմել է 24 %, Ճապոնիայինը՝ 17 %, Չինաստանինը՝ 15 % և Հրվ. Կորեայինը՝ 11 %: Եվրոպայում հեղուկ գազի սպառման ծավալներն աճել են 1.75 անգամ, իսկ ռուսական գազի սպառման ծավալները կրճատվել են 3 անգամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում