Մի քանի երկրների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման և մատակարարման շղթաների խզման հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպերն ընթացիկ տարում կդանդաղեն մինչև 1,7 %՝ նախկինում կանխատեսված 3 %-ի փոխարեն։ Նշվում է, որ նոր ցնցումների դեպքում համաշխարհային ռեցեսիայի վտանգ կա։ Նման կանխատեսումներ են արվել Համաշխարհային բանկի հունվարյան զեկույցում, որը նվիրված է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2023 թվականին կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի կտրուկ դանդաղում՝ մինչև 1,7 %։ Այս ցուցանիշը կլինի երրորդ ամենաթույլը վերջին երեք տասնամյակում, այն ստվերում են միայն համաշխարհային ռեցեսիաները, որոնք առաջացել են 2020 թվականի համավարակի և 2009 թվականին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքներով», – ասվում է զեկույցում։ 2022 թվականին, բանկի գնահատականներով, համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2,9 %։
ՀԲ-ում պարզաբանում են, որ 2022 թվականի հունիսին ներկայացված համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները հաջորդ տարվա համար վատացել են 1,3 տոկոսային կետով՝ հիմնականում դրամավարկային քաղաքականության ավելի ագրեսիվ խստացման և ֆինանսական իրավիճակի վատթարացման, վստահության նվազման և էներգիայի համատարած դեֆիցիտի արդյունքում։
Աճի դանդաղեցման գործոնների թվում, ըստ բանկային փորձագետների, ներառվում են նաև մատակարարման շղթաների «շարունակական ընդհատումները», որոնք իբր կապված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում