Հաքերը հասանելիություն է ստացել Twitter-ի 400 միլիոն օգտահաշվի նկատմամբ և առաջարկել Մասկին գնել դրանք

2 Min Read

Անհայտ հաքերը պնդում է, որ իրեն հասանելի են դարձել Twitter-ի 400 միլիոն օգտատերերի հաշիվները: Նրա խոսքով՝ դրանք պետք է գնի միայն ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ Այս մասին հայտնում է Security Affairs պորտալը։

Հաքերը, որը դարքնեթում օգտագործում է Ryushi մականունը, բացել է Twitter-ի 1000 հաշիվների «փորձնական հասանելիությունը», որպեսզի պոտենցիալ գնորդը կարողանա համոզվել արտահոսքի իսկության մեջ: Հաղորդվում է, որ այնտեղ կարելի է գտնել՝ Դոնալդ Թրամփ կրտսերի, կիբերանվտանգության մասնագետ Բրայան Կրեբսի և այլ հայտնի անձանց անձնական տվյալները։

Ինքը՝ Ryushi-ն, առաջարկում է բոլոր հաշիվներով տվյալների բազան վաճառել Twitter-ի ղեկավարությանը, մասնավորապես ՝ Իլոն Մասկին։

«Թվիթեր կամ Իլոն Մասկ, եթե դուք կարդում եք սա, ապա ձեզ արդեն սպառնում է GDPR (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ) տուգանք՝ 5,4 միլիոն հաշիվների արտահոսքի համար: 276 միլիոն դոլարի GDPR տուգանքից խուսափելու լավագույն տարբերակը, ինչպես դա արեց Facebook-ը, այս տվյալները բացառիկ հիմունքներով գնելն է»,- ասել է հաքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն ստուգելու է Twitter-ի 5,4 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին լուրի իսկությունը։ Նշվում է, որ ենթադրյալ արտահոսքը տեղի է ունեցել Իլոն Մասկի` Twitter-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ, սակայն դա չի ազատի միլիարդատիրոջը պատասխանատվությունից, եթե տեղեկությունը հաստատվի։ Եթե ​​ԵՄ կառավարությունը հայտնաբերի արտահոսքի ապացույցներ, Twitter-ից կարող է գանձվել տարեկան շրջանառության մինչև 4%-ը:

Լուրը գրելու պահին Իլոն Մասկը ոչ մի կերպ չի արձագանքել կիբերհանցագործի առաջարկին։

Կիսվեք այս հոդվածով