«Shell»-ը չի շտապում գալ Հայաստան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

«Shell» միջազգային կորպորացիան շատ դանդաղ ընթացքով է գալիս Հայաստան։ Չնայած դրան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ․ Քերոբյանը Հայաստանում «Shell» ընկերության կառավարման կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ամեն կերպ պատրաստակամ է աջակցել նման խոշոր ընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Նախարարի կարծիքով, այս քայլով Հայաստանը կհայտնվի այլ խոշոր ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մենք  և մի շարք այլ լրատվականներ ազդարարում էին, որ սույն տարվա աշնանն արդեն «Shell» ընկերությունը կսկսի իր գործունեությունը ՀՀ-ում։ Իրապես նոր ընկերության մուտքը ՀՀ բենզինի շուկա թույլ կտա թուլացնել ներկայիս խիստ սահմանափակ մրցակցային իրավիճակը և նվազեցնել բենզինի գները, որոնք ներկայումս շատ բարձր են․

Գծապատկեր 1․ Բենզինի գների փոփոխության դինամիկան 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, բենզինի գների փոփոխությունը 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, ունեցել է կտրուկ նվազման միտում։ Մասնավորապես, դեռևս 2022 թ․-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, բենզինի գներն աճել են 36 %-ով, իսկ արդեն սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, բենզինի գների աճը կազմել է 5,4 %։ Նույնիսկ 2022 թ․-ի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, բենզինի գների 0,2 %-ով անկում է արձանագրվել։

Ինչպիսի իրավիճակ է դիզելային վառելիքի գների հետ կապված․

Գծապատկեր 2․ Դիզելային վառելիքի գների փոփոխության դինամիկան 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Դիզելային վառելիքի գների փոփոխությունն այդքան կտրուկ չի եղել, որքան բենզինի գներինը։ Այն սկսել է ունենալ նվազման միտում` սկսած սույն թվականի հունիս ամսից։

2022 թ․-ի մայիսին, 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ, արձանագրվել է դիզելային վառելիքի գների առավելագույն աճը՝ 48,7 %, այնուհետև նկատվում է գների աճի դանդաղեցում։ Արդյունքում, 2022 թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ դիզելային վառելիքի գների աճը կազմել է 36,2 %, իսկ նախորդ ամսվա համեմատ անկումը կազմել է -0,6 %։

Ակնհայտ է, որ ՀՀ բենզինի շուկայում արդեն իսկ զգացվում են տեղաշարժեր, որոնք, մեր կարծիքով, պետք է հանգեցնեն ոլորտի ազատականացմանն ու գների նշանակալի անկմանը։

Share This Article
6 Comments