ԹՐԻՓՓ-ի փակագծերը բացվում են․ ով ինչ է շահում. Հայտարարություն

3 Min Read

Երևանն ու Վաշինգտոնը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Հայկական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ի կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է․

Հայաստանը կառուցապատման իրավունքով 49 տարով Սյունիքում հողատարածք է տրամադրելու հայ-ամերիկյան ընկերությանը։

Տարածքը տրամադրվելու է երկաթգծի և ավտոճանապարհի կառուցման համար, որոնք պետք է ապահովվեն Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը պատկանելու է ԱՄՆ-ին, 26 տոկոսը՝ Հայաստանին։

Տարանցիկ այդ ճանապարհին գործելու է «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» գործառնական մոդելը, որտեղ ֆրոնտ օֆիսն արտապատվիրակվելու է մասնավոր ընկերությանը, իսկ բեք օֆիսը ՀՀ պետական իրավապահ մարմիններն են։

Հայաստանի տարածքով անցնող օտարերկրյա ավտոմեքենաներևի և բեռների մասին տեղեկատվությունը հավաքելու է մասնավոր ընկերությունը և այն փոխանցելու է հայկական կողմին։

Փաստաթղթում նշվում է, որ ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է.

  1. ընդլայնել  Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
  2. ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
  3. ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
  4. ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
  5. ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
  6. նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
  7. ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։

ԹՐԻՓՓԻ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են.

  1. նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար,
  2. տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ,
  3. ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների  տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։

ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են.

  1. զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար,
  2. համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև,
  3. տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար,
  4. վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար,
  5. վերաներդրում տարածաշրջանում։

Ըստ փաստաթղթի` Հայաստանը հստակորեն պահպանում է նաև

  • ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
  • հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը։

Նիկոլ Փաշինյանը, որ այսօր մասնակցում է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի և հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը, հղում անելով ստորագրված հայտարարությանը, հայտարարել է․

«Մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, մեծ փողեր»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով