Ամեն տարի նոյեմբերի 19-ին նշվում է տղամարդկանց միջազգային օրը։ Այս օրվա խորհուրդն ընտանիքում և հասարակության մեջ տղամարդկանց դերակատարումը մատնանշելն է։ Բացի այդ, այս տոնը նպատակ ունի նաև մարդկության ուշադրությունը հրավիրել տղամարդկանց և տղա երեխաների առողջությանը վերաբերող խնդիրներին։
Տղամարդկանց միջազգային օրն արդեն նշում են աշխարհի մոտ 80 երկրներում։ Այդ օրը կազմակերպվում են կլոր սեղաններ, սեմինարներ, դպրոցներում անցկացվում են միջոցառումներ, հեռարձակվում են ռադիո և հեռուստահաղորդումներ, որոնց ընթացքում քննարկվում են տղամարդկանց վերաբերող տարաբնույթ խնդիրներ։
Կարևոր է անդրադառնալ նաև տղամարդկանց վերաբերող մեկ այլ հիմնահարցի՝ տղամարդկանց թվաքանակին և, մասնավորապես, տղամարդկանց ու կանանց թվաքանակների հարաբերակցությանը, ինչը շատ արդիական է մեր երկրի համար հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո։
Գծապատկեր 1․ Տղամարդկանց և կանանց թվաքանակի մասնաբաժինների դինամիկան` բնակչության ընդհանուր թվաքանակում 1995-2021թթ․ Հայաստանում
Ինչպես պարզ է դառնում գծապատկերից, կանանց մասնաբաժինը գերակշռող է։ Մասնավորապես, 2021թ․ կանանց մասնաբաժինը կազմել է 52,8%, իսկ տղամարդկանց մասնաբաժինը՝ 47,2%, որը կազմում է 1 398100 մարդ։ Նկատենք, որ հեղափոխությունից հետո տղամարդկանց մասնաբաժինը բնակչության ընդհանուր թվաքանակում նվազման միտում է դրսևորել։ Դա պայմանավորված է տարբեր գործոններով, որոնցից հիմնականը, իհարկե, 2020թ․ պատերազմն է, ինչպես նաև Հայաստանի սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունները, որոնք թեև պակաս ինտենսիվությամբ, այնուամենայնիվ, շարունակվում են առ այսօր։ Այս իրադարձությունները բազում ողբերգական հետևանքների թվում նաև ժողովրդագրական ճգնաժամի են հանգեցնում։ Վերջինս էլ իր բացասական հետևանքն է թողնում երկրի տնտեսության վրա։
Հաջորդիվ ուսումնասիրենք տղամարդկանց տարիքային կազմը Հայաստանում․
Գծապատկեր 2․ Աշխատունակ տարիքից ցածր, աշխատունակ տարիքի և աշխատունակ տարիքից բարձր խմբի տղամարդկանց մասնաբաժինը տղամարդկանց ընդհանուր թվաքանակում` 2021թ․ դրությամբ
Ինչպես տեսնում ենք գծապատկեր 2-ից, տղամարդկանց 63%-ը աշխատունակ տարիքի է, 24%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր, իսկ 13%-ը աշխատունակ տարիքից բարձր տարիքի է։
Կատարված վերլուծությունը ևս մեկ անգամ հիշեցնում է մեր երկրում տղամարդկանց վերաբերող և հատկապես ժողովրդագրական խնդիրների առկայության մասին, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն ոչ միայն ազգապահպանման, այլ նաև մեր երկրի տնտեսության և անվտանգության ապագայի տեսանկյունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում