Նոր Սահմանադրության վերաբերյալ OdaTV-ում տարածված տեղեկությունները կեղծ են. Արդարադատության նախարարություն

2 Min Read

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ OdaTV-ում հրապարակված տեղեկությունները, թե «պատմական որոշում» է կայացվելու, և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից, ամբողջությամբ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: 

OdaTV-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ նոր Սահմանադրության վերաբերյալ այդ հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրում է նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները:

Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից, պարզաբանում ենք գործընթացի բոլոր մանրամասները: Ներկայում գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը բաղկացած է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհուրդը գլխավորում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Խորհուրդն աշխատում է համակարգված և մանրակրկիտ՝ քննարկելով Սահմանադրության յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները:

Նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն լինի հիմնավորված, հաշվի առնվեն մասնագիտական կարծիքները, ինչպես նաև հասարակական և քաղաքական շահերի լայն տեսանկյունը: Տեղեկացնում ենք, որ Խորհրդի քննարկումները, առաջարկությունները և ընդունված որոշումները դեռևս չեն հանդիսանում նոր Սահմանադրության տեքստը:

Ամեն ինչ կախված է ժողովրդի վերջնական որոշումից, որը տեղի կունենա հանրաքվեի միջոցով: Սահմանադրության ցանկացած փոփոխություն կկատարվի միայն այն դեպքում, եթե հանրաքվեով կհաստատվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Այս գործընթացն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքների պահպանումը և ընդգծում է, որ վերջնական խոսքը պատկանում է միայն ժողովրդին: Արդարադատության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա և զերծ մնալ անհիմն ենթադրություններից, քանի որ նոր Սահմանադրության բարեփոխումների գործընթացը բաց է և գտնվում է բոլորի տեսադաշտում:

Նշենք, որ նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից կայացված նիստերի, քննարկվող թեմաների վերաբերյալ Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրազեկում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հետևել միայն նախարարության կողմից հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով