Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող և վաղաժամկետ ավարտի մասին։ Տեղաբաշխումը նախատեսված էր մինչև 2026թ․ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ․ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։
Առաջին փուլի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով։
ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ծավալը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
ՀՀ դրամով պարտատոմսերի ծավալը կազմել է 1,4 միլիարդ ՀՀ դրամ՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Ծրագրային ազդագրով նախատեսված ՀՀ դրամով ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է, և ծրագրի շրջանակում այլևս ՀՀ դրամով տեղաբաշխում չի իրականացվելու։
Պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողների կողմից, ինչը վկայում է շուկայի լայն մասնակցության և ներդրումային հետաքրքրության աճի մասին։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։
«Պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից զգալիորեն վաղ ավարտը հերթական անգամ հաստատում է, որ Team ընկերությունների խումբը ներդրողների համար առաջարկում է հետաքրքիր և մրցունակ ներդրումային պայմաններ։ Սա հստակ ազդակ է շուկայի կողմից, որ մեր ընկերությունների խմբի զարգացման ռազմավարությունը՝ հիմնված թափանցիկության, կայուն աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու վրա, արժանանում է ներդրողների բարձր վստահությանը»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը նշում է․ «Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը ցույց է տալիս, որ ներդրողները բարձր են գնահատում կանխատեսելի, թափանցիկ և կառուցված ներդրումային գործիքները։ Այս թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն Team Holding-ի, այլև հայկական կապիտալի շուկայի շարունակական զարգացման համար»։
Հիշեցնենք, որ պարտատոմսերի ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։
Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։
«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։
Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում