Բիբլոս Բանկ Արմենիան ամանորյա նվերների համար նախատեսված գումարն այս տարի նույնպես կհատկացնի կյանքեր փոխող ծրագրերի՝ այս անգամ միջոցները նվիրաբերելով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Բանկի աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների անունից տրամադրվող գումարը կփոխանցվի առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։
«Ամանորյա տոները երազանքների իրականացման խորհուրդ ունեն, և այս տարի մենք փորձում ենք օգնել իրականացնել այն երեխաների երազանքները, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցությունը շարունակվում է երկար տարիներ։ Եթե մեր համեստ ներդրումն օգնի, որ մեր երեխաներն ավելի շուտ հաղթահարեն իրենց առողջական խնդիրները, մենք այս նախաձեռնությունը կհամարենք իսկապես ստացված»,- նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
«Մեր երեխաները բազմաթիվ նպատակներ ու նվիրական երազանքներ ունեն։ Եվ այս նախաձեռնությամբ Բիբլոս Բանկ Արմենիան նրանց նվիրում է ամենակարևորը՝ ժամանակ և մեծ ուժ՝ իրենց երազանքների հետևից գնալու։ Այս նվիրատվության շնորհիվ առողջական ծանր խնդիր ունեցող 10-ից ավելի երեխա կստանա կենսական նշանակության դեղորայք»,— ասաց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նախաձեռնության նպատակն է նաև խրախուսել նման քայլերն ու նախագծերը, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ հասանելիություն ստանան որակյալ խնամքի և բուժման։
Հիմնադրամի շահառու փոքրիկների մասնակցությամբ՝ նախաձեռնության մասին պատմող կարճ տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև։
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային և երեխաների առողջությանն ուղղված նախագծերում։ Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
